Մեկնարկեցին նոր կառուցվող գազատարի եռակցման աշխատանքները
Քաջարան-Սիսիան հատվածում մեկնարկեցին 197,4 կմ երկարությամբ Քաջարան-Սիսիան-Անգեղակոթ-Ջերմուկ-Արարատ նոր կառուցվող գազատարի 720 մմ տրամագծով խողովակների եռակցման ու շինհավաքակցման աշխատանքները:
ՌԴ Չելյաբինսկի գործարանի կողմից ներկրված խողովակները տեղափոխվում են Քաջարան-Սիսիան տեղամասի շինհրապարակ, որտեղ էլ «Սնարտ» կապալառու կազմակերպությունն իրականացնում է գազատարի տեղադրման աշխատանքները: Բարձր լեռնային հատվածներում հարթակների ու խրամուղիների նախապատրաստման աշխատանքները շինարարները հաղթահարում են մեծ դժվարություններով: Այդուհանդերձ, հողային աշխատանքներն 90 տոկոսով ավարտված են և խրամուղիներն արդեն պատրաստ են խողովակների տեղադրմանը: Աշխատանքներում ներգրավված են 20 փորձառու մասնագետներ, գործի է դրված ժամանակակից տեխնիկա: Առաջին զոդակարերը պահանջում են մասնագիտական մեծ հմտություն և պատասխանատու մոտեցում:
Ըստ տեխնիկական հսկողության մասնագետների, գործը արվում է որակով եւ տեխնիկական նորմերին համապատասխան:
Միաժամանակ «Արմավիրգազմաշ» ՍՊԸ-ում մասնագիտական ստուգում են անցնում այն եռակցող մասնագետները, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել գազատարի շինարարությանը: Աշխատանքի որակի ստուգումը կատարվում է լաբորատոր ուսումնասիրության միջոցով, համապատասխան որակավորում ստացած եռակցողները գործուղվում են աշխատանքի:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն