5 լավագույն շրջանավարտները աշխատանքի կանցնեն «ՀայՌուսգազարդ»-ում
Աբովյանի էներգետիկական պետական քոլեջում չափագիտություն և գազի տնտեսություն առարկաներից պետական քննություններ են հանձնել 12 շրջանավարտներ, որոնցից 5 լավագույնները հնարավորություն ունեն համապատասխան հարցազրույցն անցնելուց հետո աշխատանքի տեղավորվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համակարգում:
Ընկերության եւ քոլեջի միջեւ կնքված պայամանգրի համաձայն, ուսումնական հաստատությունը չափագիտության եւ ներտնային տեխնիկական սպասարկման մասնագետներ է պատրաստում «ՀայՌուսգազարդ» —ի համար, Ընկերությունն իր հերթին հոգում է ուսանողների կրթական ծախսերը, լավագույններին ապահովում կրթաթոշակով, կահավորում լաբորատորիաները անհրաժեշտ սարքավորումներով: Էներգետիկական պետական քոլեջի տնօրեն Արտավազդ Ավագյանի խոսքերով ուսանողները շահագրգիռ են լավ սովորելու, քանի որ բացառիկ հնարավորություն է, երբ շրջանավարտի աշխատանքի հարցը լուծվում է միանգամից: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյանի հավաստմամբ,Ընկերությունը հետաքրքրված է համակարգը որակյալ միջին օղակի մասնագետներով համալրելու հարցում, այդ իսկ նպատակով բոլոր այն շրջանավարտները, որոնք կապահովեն պետական չափորոշիչները կամ ուսումնական պլանի ծրագրերը, անպայման աշխատանքի կանցնեն «ՀայՌուսգազարդ» —ում: Ընկերությունն այսօր ներտնային տեխնիկական սպասարկման մասնագետների կարիք ունի, քանի որ այդ ծառայությունն այսօր լայնածավալ գործունեություն է իրականացնում եւ հիմնավոր ուսուցում անցած մասնագետներն ուղղակի պահանջված են: Այդ ուղղությամբ քայլեր արդեն արված են, եւ հաջորդ տարի քոլեջը կտա իր առաջին շրջանավարտները:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն