Մեկ աղբյուրից կատարվող գնումներն ապահովում են էական խնայողություն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին թույլատրել է Քաջարան-Սիսիան-Անգեղակոթ-Ջերմուկ-Արարատ գազատարի կառուցման շրջանակում իրականացվող գնումները կատարել ոչ թե մրցութային կարգով, այլ մեկ աղբյուրից:

Ինչպես խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, գնահատելով շինարարության կարեւորությունը, հանձնաժողովը որոշում է ընդունել բավարարելու Ընկերության խնդրանքը, քանի որ նոր ընթացակարգը կարագացնի շինարարական աշխատանքները: /Մինչդեռ հանրապետությունում գործող օրենսդրության համաձայն, ցանկացած գնումներ 1 մլն դրամից բարձր արժողությամբ պետք է իրականացվեն մրցութային կարգով:/

Ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Աշոտ Հովսեփյանի, միշտ չէ, որ մրցույթի անցկացումը համարվում է հարցի լավագույն լուծումը: Նա նշեց, որ 720 մմ տրամագծով մոտ 30 հազար տոննա խողովակների գնման համար Ընկերությունը հայտարարել էր մրցույթ եւ ստացել բավականին բարձր գնային առաջարկություններ: Այնուհետեւ ուղիղ բանակցությունների արդյունքում հնարավոր դարձավ զգալիորեն նվազեցնել մրցույթին ներկայացված գինը / 18–20%/, դրանով իսկ ապահովելով էական խնայողություն: Խողովակները գնվում են Չելյաբինսկի գործարանից, ինչն արդեն 20 մլն դոլարի խնայողություն է:


Բացի այդ, մրցույթի անցկացման ընթացակարգը առնվազն 3–6 ամսով երկարաձգում է շինարարական աշխատանքները, այդ իսկ պատճառով Ընկերությունը խնդրանքով դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ անհրաժեշտության դեպքում թույլատրել գնումներն իրականացնել ուղիղ բանակցությունների միջոցով: Այս դեպքում Ընկերությունը նաեւ ժամանակ է շահում, ինչը հնարավորություն կտա ավարտել գազատարի շինարարությունը նախատեսված ժամկետում՝ 2008թ. վերջին: Ներկայումս նախագիծը, որի արժեքը գերազանցում է 130 մլն դոլարը, իրականացվում է հաստատված ժամանակացույցով, — հավաստիացրեց Ընկերության գլխավոր ինժեները: Ըստ նրա, հանձնաժողովի որոշումը վերաբերում է ոչ միայն խողովակների ու շինանյութերի ձեռք բերմանը, այլ նաեւ գազատարի շինարարության շրջանակում իրականացվող ծառայություններին:


Գազատարի շինարարությունը բաժանված է առանձին հատվածների եւ ներկայումս շինաշխատանքներում ներգրավված են 5 հայկական եւ մեկ արտասահմանյան կազմակերպություններ, որոնք ունեն համապատասխան փորձ եւ տեխնիկա:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am