«ՀայՌուսգազարդ»-ը շուտով կսկսի բնական գազի կենցաղային հաշվիչների հարվածադիմացկուն պոլիստիրոլից պատրաստված արկղերի տեղադրումը, ինչը կնպաստի գազաֆիկացման տեմպերի արագացմանը:
Այսօր «ՀայՌուսգազարդ»-ի ուսումնատեխնիկական կենտրոնում համակարգի մասնաճյուղերի տեխնիկական անձնակազմերի մասնագետներին մանրամասնորեն ներկայացվեց արկղերի չափորոշիչներն ու հավաքակցման մեթոդները: Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս զգալիորեն հեշտացնել ու արագացնել շինհավաքակցումը` հրաժարվելով գազաեռակցման աշխատանքներից: Չափիչ հանգույցի տեղակայման նոր սկզբունքը նախորդից տարբերվում է նրանով, որ այստեղ օգտագործվում են ծալքավոր մետաղական ճկախողովակներ եւ գնդաձեւ փականներ: Հարվածադիմացկուն պոլիստիրոլը ճկուն է, ցրտա և ջրադիմացկուն, մետաղից թեթեև է մոտ 7 անգամ: Իր կառուցվածքով հանգույցի արկղը բազմանշանակ է և կարող է օգտագործվել բոլոր տիպաչափերի հավաքակցման համար: Ի դեպ, պոլիմերային նյութերից արկղերը լայնորեն օգտագործվում են եվրոպական երկրներում: Հանգույցում օգտագործվող գնդաձեւ փականները համապատասխանում են եվրոպական եւ միջազգային ստանդարտներին, առանձնանում են շահագործման երկարակեցությամբ եւ պարբերական տեխնիկական սպասարկման անհրաժեշտություն առաջ չեն բերում: Նոր հանգույցների տեղադրումը զգալիորեն կբարելավի նաեւ մեր բնակավայրերի արտաքին տեսքը: Հանգույցները տեղական արտադրության են: Ընկերությունը դրանք մրցութային կարգով ձեռք է բերել «ԳԱ եւ ՎԿ» ՍՊԸ-ից:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն