Համատեղ խորհրդակցություն՝ կապված գազափոխադրման համակարգերի բնականոն գործունեության ապահովման հետ

Հյուսիսային Կովկասի, Վրաստանի և Հայաստանի գազափոխադրման համակարգերի բնականոն գործունեության ապահովման հարցերի հետ կապված համատեղ խորհրդակցություն էր հրավիրվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչական շենքում` «Գազպրոմ» ԲԲԸ-ի, «Գազէքսպորտ», «Կովկաստրանսգազ», Վրաստանի գազափոխադրման ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում մանրամասն քննարկվեց Վրաստանի և Հայաստանի գազափոխադրման համակարգերում հատկապես ձմռան շրջանում արձանագրվող գազի սպառման ռեժիմների երբեմն անկանխատեսելի տատանումների հետ կապված հարցը, ինչը լուրջ դժվարություններ է ստեղծում գազի մատակարարման պայմանագրային ծավալների ապահովման, ինչպես նաեւ գազատարների շահագործման համար:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյանի խոսքով, «այս խնդիրը կարգավորելու որոշակի մեխանիզմներ կան, որոնք մինչ այժմ չէին կիրառվում, սակայն խորհրդակցության արդյունքները հուսադրող են և այս բացը անպայման կլրացվի»:

«Գազպրոմ» ԲԲԸ-ի Կենտրոնական դիսպետչերական ծառայության ռեժիմների օպտիմալացման բաժնի պետ Ալեքսանդր Կիրիևի հավաստմամբ, իրենք հետաքրքրված են գազամատակարարման հուսալիությունն ու անվտանգությունը բարձրացնելու հարցում եւ պատրաստ են աջակցել բոլոր տեխնիկական, կազմակերպչական աշխատանքներին` համակարգում ռիսկերը նվազագույնի հասցնելու և ռեժիմների տատանումներից հնարավորինս խուսափելու համար:


Կողմերն անդրադարձան նաեւ տեղեկատվության օպերատիվ փոխանակման, Վրաստանի ու Հայաստանի սահմանում չափիչ հանգույցների աշխատանքների կազմակերպման, գազատարների շահագործման հետ կապված խնդիրներին:


Խորհրդակցության մասնակիցները` կարևորելով հարցի կարգավորման տեխնիկական բազմակողմ համաձայնագրերի անհրաժեշտությունը, առաջարկեցին նախապատրաստական աշխատանքներ տանել փաստաթղթերի նախագծերի կազմման ուղղությամբ:


Քննարկված խնդրի լուծման նպատակով, «ՀայՌուսգազարդ»-ն առաջարկեց դիտարկել Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանի պահեստավորման ծավալների ընդլայնման հարցը, որը կծառայի նաեւ Վրաստանի գազափոխադրման համակարգի ռեժիմների կարգավորման համար:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am