Արժեթղթերի թողարկումը մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆինանսական շուկայում

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչական շենքում այսօր կայացավ Ընկերության կողմից թողարկված արժեթղթերի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ Էներգետիկայի, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարները, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը, պետական այլ գերատեսչությունների, գործարար ու ֆինանսաբանկային շրջանակների ներկայացուցիչներ:

Ընկերության թողարկած 1 մլրդ. դրամ ընդհանուր ծավալով միջնաժամկետ կորպորատիվ պարտատոմսերի հաջող տեղաբաշխումը, որն իրականացրել է «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ն, Հայաստանի արժեթղթերի շուկայի զարգացման համար բավականին կայուն նախադրյալներ է արձանագրում:

Ի դեպ պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ էր՝ տեղաբաշխման հաշվեկշռում գերակայում են բանկերը՝ շուրջ 65 տոկոս: Տեղաբաշխմանը մասնակցել են նաեւ այլ ֆինանսկան կառույցներ եւ ֆիզիկական անձինք:


Ընկերությունը պարտատոմսերի տեղաբաշխումից ստացած ողջ հասույթը նախատեսում է ուղղել պոտենցիալ բաժանորդների գազաֆիկացմանը: Նախնական հաշվարկներով ներդրվող գումարները ետ կգնվեն 1–1,5 տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա ժամանակին մարելու Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները:


Խոսելով «ՀայՌուսգազարդ»-ի գործունեության ֆինանսատնտեսական ցուցանիշների, ներդրումների եւ ծրագրերի մասին, Ընկերության Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կ. Կարապետյանը նշեց, որ իրականացվող ծրագրերի արդյունքում «ՀայՌուսգազարդ»-ը տարածաշրջանում խոշոր Ընկերություն դառնալու եւ մեծ ազդեցություն ունենալու բոլոր պոտենցիալ հնարավորություններն ունի: Վերջին 4–5 տարիներին Ընկերության ներդրումները կազմել են 100 մլն դոլար, որից 83 միլիոնը ներդրվել է գազաֆիկացման ծրագրում, ինչի արդյունքում Հայաստանն այսօր աշխարհի ամենագազաֆիկացված երկրներից մեկն է:


Ըստ նրա, առաջիկայում «ՀայՌուսգազարդ»-ի կանոնադիր կապիտալը կարող է հասնել 850–900 մլն դոլարի:


Ինչ վերաբերում է միջնաժամկետ կորպորատիվ պարտատոմսերի թողարկմանը, ապա դա առաջին քայլն է կապիտալի շուկայում եւ Ընկերությունը պատրաստվում է առաջիկայում եւս 5 մլրդ դրամի թողարկում անել:


Շնորհավորելով «ՀայՌուսգազարդ»-ին պարտատոմսերի բարեհաջող տեղաբաշխման կապակցությամբ, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը նշեց, որ պարտատոմսերի թողարկումը մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆինանսական համակարգում: Նրա խոսքերով «պահանջարկը մի քանի անգամ գերազանցում է թողարկման ծավալը: Սա նշանակում է, որ արժեթղթերի շուկայի զարգացման համար մենք լուրջ նախապայմաններ ենք ստեղծել: „ՀայՌուսգազարդ“-ը հավատաց արժեթղթերի զարգացման մեր ծրագրին եւ կարեւոր է, որ „ՀայՌուսգազարդ“-ի նման կառույցը հայտնվել է արժեթղթերի շուկայում: Սա երաշխիք է, որ արժեթղթերի շուկան կունենա ավելի դինամիկ զարգացում: Դա հնարավորությունէ տալիս այն առեւտրային բանկերին, ովքեր հետաքրքրություն ունեն այս պարտատոմսերի նկատմամբ, գործարքներ իրականացնել Կենտրոնական բանկի հետ: Այսինքն Կենտրոնական բանկի համար այսուհետ Ընկերության թողարկած արժեթղթերը դիտարկվելու են որպես լիկվիդային միջոցներ»: Ըստ Տիգրան Սարգսյանի, եթե Ընկերության բաժնետոմսերը հայտնվեն միջազգային բորսաներում, դա կնպաստի հայկական շուկայի ինտեգրմանը միջազգայինին: Գրագետ մենեջմենթի շնորհիվ «ՀայՌուսգազարդ»-ը կլինի այն շարժիչ ուժը, որի շնորհիվ Հայաստանի արժեթղթերի շուկան կզարգանա:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am