Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովը գոհունակությամբ նշել է, որ 2006թ. Հայաստանի գազաէներգետիկ նախագծերում իրականացվել են 111.8 մլն ամն դոլարի ներդրումներ

Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստը` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Իգոր Լեւիտինի համանախագահությամբ:

Անդրադառնալով վառելիքաէներգետիկ համակարգի բնագավառում համագործակցությանը, հանձնաժողովը գոհունակությամբ նշել է, մասնավորապես, ՀՀ կառավարության եւ «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջեւ 2006թ. մարտի 31-ին ստորագրված համաձայնագրի կատարման հաջող ընթացքը, որի համաձայն «Գազպրոմ» ընկերության կողմից 2006թ. Հայաստանի գազաէներգետիկ նախագծերում իրականացվել են 111.8 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: 2007թ. կներդրվի եւս շուրջ 190 մլն ԱՄՆ դոլար: Ըստ հիշյալ համաձայնագրի, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի «Գազպրոմ» ԲԲԸ-ի օգտին արժեթղթերի լրացուցիչ թողարկման շրջանակներում, նախատեսվում է իրականացնել «Հրազդան-5»-ի շինարարության եւ արդիականացման ներդրումային ծրագիր։ Մասնավորապես, հանձնարարվել է ՌԴ «Պրոմէներգո»-ին եւ «Գազպրոմ» ԲԲԸ-ին՝ շահագրգիռ նախարարություների ու գերատեսչությունների հետ համատեղ, մինչեւ 2007թ. վերջը առաջարկություններ ներկայացնել ՌԴ կառավարություն՝ ՌԴ սեփականությունը հանդիսացող «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը «Գազպրոմ» ԲԲԸ-ին փոխանցելու վերաբերյալ՝ «Հրազդան — 5»-ի հետ «Հրազդան ՋԷԿ»-ի միասնական արտադրական համալիրի ստեղծման նպատակով։

Հանձնաժողովը կողմերին հանձնարարել է նաեւ շարունակել Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցման հարցի նախապատրաստումը` այն հաշվով, որ 2007թ. սեպտեմբերին եռակողմ բանակցություններ անցկացվեն նախագծի հետագա իրագործման հարցի շուրջ:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am