Ուսումնատեխնիկական կենտրոնում վերապատրաստվել է 771 մասնագետ

18 դեկտեմբերի 2007, 11:00

Ընթացիկ տարում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում/ՈՒՏԿ/ ուսուցանվել եւ վերապատրաստվել է հանրապետության գազի տնտեսությունները շահագործող 771 մասնագետ:Որակավորման դասընթացներ են կազմակերպվել համակարգի մասնաճյուղերի 535 աշխատողների համար: Վերապատրաստվել են ներտնային գազասպառման համակարգը սպասարկող 324, մայրուղային գազատարները շահագործող 42 մասնագետներ:

Կենտրոնում ուսուցանվել են նաեւ այլ կազմակերպությունների անձնակազմեր, այդ թվում գազիֆիկացված տեխնիկական վառարանները եւ ագրեգատները շահագործող, ավտոգազալիցքավորման ճնշակային կայանները շահագործող, մետաղների հրագազային մշակմամբ զբաղվող, պոլիէթիլենային գազատարները եռակցող եւ այլն: Անհատական ուսուցում է կազմակերպվել նաեւ սեղմված բնական գազով աշխատող ավտոմեքենաների վարորդների, ծխնելուզագործների եւ գազի տնտեսությում աշխատող այլ անձանց համար:

ԳԳՄ-ի մասնագիտական կադրերի համար կենտրոնում կազմակերպվել են «Բնական գազի անվտանգ օգտագործումը կենցաղում» և Քաջարան-Արարատ մայրուղային գազատարի եռակցող օպերատորների որակավորման դասընթացներ, մասնաճյուղերի աշխատողների մասնակցությամբ կազմակերպվել է քննարկում պոլիստիրոլից պատրաստված արկղերով գազահաշվիչների տեղադրման խնդիրների շուրջ:
Երեւանի Ճարտարաշինարարական պետական համալսարանի եւ Աբովյանի պետական էներգետիկական քոլեջի ուսանողների մասնագիտական պրակտիկաներն անցկացվել են կենտրոնում, որոնք ուղեկցվել են համապատասխան դասախոսություններով:

Ընթացիկ տարում հրատարակվել է «Կենցաղային գազասարքերի ծխաօդատար համակարգեր» մեթոդական ուղեցույցը, տպագրվել են 4 հուշաթերթիկներ: Ընթացքի մեջ են «Կենցաղային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում» եւ «Մագիստրալ գազատարների շահագործում» մեթոդական ուղեցույցների մշակումը, որոնք նախատեսված են տպագրության հանձնել 2008թ.:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am