Հասարակական կազմակերպությունները կայացած են համարում գազամատակարար-սպառող հարաբերությունները
«2007թ., հանրային ծառայություններ, ձեռքբերումներ, բացթողումներ, տարվա արդյունքներ» թեմայով կլոր սեղան էր հրավիրել «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որին մասնակցում էին նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, «Երևանգազ» ԳԳՄ-ի, ինչպես նաև ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչները: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը առանձնահատուկ շեշտեց, որ հասարակություն-պետություն — կոմերցիոն կառույցներ բարյացակամ համագործակցության խնդիրը լուծված է հատկապես գազամատակարարման ոլորտում, ինչը պայմանավորված է ոչ միայն հասարակական հատվածի, այլ նաեւ Ընկերության մոտեցումներով ու պատրաստակամությամբ: Ըստ նրա, հասարակական կազմակերպությունների կողմից «ՀայՌուսգազարդին» ներկայացված գրեթե բոլոր հարցերն ու խնդիրներն ստանում են ադեկվատ պատասխաններ, որոնք շատ օգտակար են մատակարար-սպառող հարաբերություններում:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյանի խոսքով,համակարգում մեծածավալ ծրագրեր են իրականացվում անվտանգության, սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ, սակայն դա չի նշանակում, որ բողոքներ չկան: «Ընդհանուր առմամբ, բողոքների դեպքում տոկոսը ցածր է` հնչեղությունն է մեծ, որովհետեև մենք ինքներս էլ ընդառաջ ենք գնում, շատ դեպքերում մենք ենք հարցը բարձրացնում, գիտակցելով, որ գործ ունենք հասարակական մեծ շերտի հետ, այն է 500 հազար բաժանորդ», —նշեց Ա. Հովսեփյանը, շեշտելով, որ համակարգը ավելի քան շահագրգիռ է պայքարելու բացթողումների դեմ` այդ հարցում ակնկալելով նաև հասարակության աջակցությունը: «Առաջին հերթին բողոքներն ու դժգոհությունները պետք է հասցեագրված լինեն, որպեսզի աշխատանքն արդյունավետ դառնա»:
Հանրային ծառայությունների սպասարկման, ծառայությունների մատուցման որակի և սպառողի իրավունքների շուրջ ծավալված քննարկման ընթացքում հարցադրումներ եղան նաև ներտնային տեխնիկական սպասարկման, գազաֆիկացման, գազանջատումների և այլ հարցերի վերաբերյալ, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36