Գազաֆիկացվեցին Մալիշկա և Ազատեկ համայքները

5 դեկտեմբերի 2007, 16:00

Դեկտեմբերի 4-ին գազաթողարկվեցին Վայոց ձորի մարզի Ազատեկ եւ Մալիշկա համայնքները։

Բնական գազի մուտքը երկար սպասված էր բարձր լեռնային Ազատեկ գյուղի բնակիչների համար։ Գազաբաշխիչ ցանցը կառուցվել էր դեռեւս 1990թ., և արդեն տասնյոթ տարի ազատեկցիները սպասում են կապույտ վառելիքին, ինչը հնարավոր դարձավ պետբյուջեի եւ «ՀայՌուսգազարդ» ընկերության համաֆինանսավորման շնորհիվ։ Վերանորոգվել ու վերականգնվել է մոտ երկու տասնյակ տարի առաջ կառուցված եւ չշահագործված ցանցը։ Համայնքի գազաֆիկացման աշխատանքներում Ընկերությունը ներդրել է 13 մլն դրամ:

«Արշավիր եւ Պայծառ Աբրահամյաններ» հիմնադրամի և «ՀայՌուսգազարդ»-ի համատեղ ֆինանսավորմամբ իրականություն է դարձել նաև մարզի ամենամեծ գյուղական համայնքի (1300 տնտեսություն՝ 6500 բնակչով)` Մալիշկայի գազամատակարարումը, որը մինչ օրս գազաֆիկացված չի եղել։ «ՀայՌուսգազարդ»-ն այստեղ ներդրել է 34 մլն դրամ:


Ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փոխտնօրեն Խ. Բաղդասարյանի, թեև ծրագրով նախատեսված աշխատանքները հիմնականում ավարտվել են, սակայն Ընկերությունն այսուհետ ևս ակտիվորեն կաջակցի պետբյուջեի և այլ հիմնադրամների միջոցներով շարունակվելիք գազաֆիկացման աշխատանքներին` որպես մասնագիտացված կառույց:


Նրա հավաստմամբ, բնական գազից օգտվող փաստացի բաժանորդների թիվը տարեվերջին կհասնի 515 000-ի, ևս 130 հազար ընտանիքի գազից օգտվելու հնարավորություն կընձեռվի:

Համայնքների գազաֆիկացումը, որ բնակիչների կողմից վերածվեց տոնի, ամբողջացավ ևս մեկ առիթով` բացվեց Վայոց ձորի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի վարչական նոր շենքը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am