«Գազպրոմբանկը» մուտք գործեց Հայաստան

Օրերս Հայաստան ժամանած «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Ակիմովին եւ նրա գլխավորած պատվիրակությանն ընդունեցին ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանը եւ վարչապետ Ս.Սարգսյանը:

ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանը ընդունել է Անդրեյ Ակիմովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը

ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանը ընդունել է Անդրեյ Ակիմովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը

Ողջունելով «Գազպրոմբանկի» մուտքը Հայաստան ՀՀ նախագահը նշել է, որ բանկին Հայաստանում սպասում է լուրջ մրցակցություն, քանի որ մեր երկրի բանկային համակարգը զարգանում է արագ տեմպով, եւ միայն անցած տարվա ընթացքում սկսել են գործել հինգ օտարերկրյա բանկերի մասնաճյուղեր։ Իր հերթին Անդրեյ Ակիմովը նշել է, որ «Գազպրոմբանկը» բանկային գործունեությանը զուգահեռ մեծ ներդրումներ է կատարում նաեւ տնտեսության մեջ։ Նրա խոսքով, Հայաստանում բանկն այսրոպեական շահեր չի հետապնդում, տրամադրված է լուրջ աշխատանքի, ունի հեռահար նպատակներ եւ երկարաժամկետ ծրագրեր։


Ռուսաստանի բանկային համակարգում առաջատար դիրք գրավող «Գազպրոմբանկի» մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա, ըստ վարչապետի, նոր խթան կհանդիսանա բանկային եւ ֆինանսական ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ «Գազպրոմբանկի» նման խոշոր ու հեղինակավոր ֆինանսական կառույցների հետ փոխշահավետ համագործակցությունը ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններից է:


2007 թ. նոյեմբերին ավարտելով հայկական «Առէքսիմբանկի» բաժնետոմսերի 80 տոկոսի գնման գործընթացը, ռուսական «Գազպրոմբանկը» սկսել է կազմավորել տնօրենների խորհուրդ։ «Այսօր հայաստանյան շուկայում անհրաժեշտ է տեխնոլոգիապես ավելի հզոր, հարուստ ռեսուրսներով բանկ, որը հետագայում կկարողանա նպաստել հայկական ֆինանսական շուկայի զարգացմանն ամբողջությամբ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Առէքսիմբանկի» գլխավոր տնօրեն Ա. Խանդկարյանը։ «Այսօր մեր շուկայում կան հաճախորդներ, ովքեր նման բանկի ծառայությունների մատուցման կարիքն ունեն, եւ մուտք գործելը հայաստանյան շուկա՝ կնպաստի բանկային համակարգի առաջխաղացմանը»:


«Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Օլգա Կազանսկայան, ներկայացնելով բանկի հնարավորությունները, նշեց, որ այն հիմնադրվել է 1990թ. եւ ներկայումս հանդիսանում է Ռուսաստանի խոշոր ֆինանսական ինստիտուտներից մեկը, ինչպես նաեւ ընդգրկվել է ռուսական ամենախոշոր բանկերի շարքում։ Իր կապիտալի մեծությամբ այն զբաղեցնում է երրորդ տեղը Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի խոշոր բանկերի շարքում։ Հիմնական բաժնետերերն են «Գազպրոմ» եւ «Գազֆոնդ» ընկերությունները։ Բանկը սպասարկում է 1,8 մլն քաղաքացիների եւ 40 հազար կորպորատիվ հաճախորդների։ Այս տարի 28 տոկոսով ավելացել է բանկի եկամուտը, 4 տոկոսով աճել են սեփական միջոցները՝ հասնելով մինչեւ 93 մլրդ ռուբլու։ Մինչեւ տարեվերջ «Առէքսիմբանկը» կվերանվանվի «Գազպրոմ Հայաստան բանկ»:


Ավելի վաղ՝ Կազանսկայան նշել էր, որ բանկի մուտք գործելը Հայաստան պայմանավորված է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ծրագրերը ֆինանսավորելու ցանկությամբ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am