Ալեքսեյ Միլլերին ընդունեց ՀՀ Վարչապետը

20 մայիսի 2008, 14:00

Մեկօրյա աշխատանքային այցով Երևան ժամանած «Գազպրոմ» ԲԲԸ-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Ալեքսեյ Միլլերի հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ

Ալեքսեյ Միլլերի հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ

ՀՀ կառավարությունում կայացած հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել գազային ոլորտում երկու երկրների համագործակցության ներկայիս մակարդակից, ընդգծելով, որ նախորդ մի քանի տարիներին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվել են, որի արդյունքում գազի սպառողների թիվը Հայաստանում զգալիորեն ավելացել է: Այսօր խնդիրը, ըստ նրանց, արդի իրողություններին համապատասխան, նշված ոլորտում փոխգործակցությունը շարունակելն ու զարգացնելն է: Հաշվի առնելով, որ առաջիկա երեք տարիների ընթացքում ազատականացվելու է Ռուսաստանում գազի գների ձեւավորումը` հիմք ընդունելով գնագոյացման եվրոպական ստանդարտներ, Տիգրան Սարգսյանը եւ Ալեքսեյ Միլլերը միմյանց ներկայացրել են 2009թ. հունվարի 1-ից «Գազպրոմի» կողմից Հայաստանին մատակարարվելիք գազի գնագոյացման բանաձեւերի վերաբերյալ իրենց տեսակետներն ու փաստարկները:

Հիմնական սկզբունքների թվում ՀՀ վարչապետն ընդգծել է, մասնավորապես, Հայաստանի տնտեսության մրցակցային հնարավորությունների ապահովումը, գազի գնի ձեւավորման կանխատեսելիությունը, ինչպես նաեւ գնի փոփոխության սահուն ընթացքի համար պայմանների ստեղծումը:


Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանում գազի նոր գնի շուրջ բանակցությունները շահագրգիռ կողմերի միջեւ պետք է ընթանան հնարավորին կարճ ժամկետում` գնագոյացման հանգամանքների թվում հաշվի առնելով նաեւ, որ «Գազպրոմ»-ը տիրապետում է «Հայռուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի մեծ մասին: Կողմերը վստահություն են հայտնել, որ քննարկվող խնդրի շուրջ վերջնական որոշում կընդունվի մոտ ժամանակներս:


Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը եւ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահը քննարկել են «Հայռուսգազարդ» ընկերության կողմից բաժնետոմսերի առաջնային թողարկման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացման հնարավորությունը, ինչպես նաեւ երկկողմ ու տարածաշրջանային էներգետիկ համագործակցության այլ հարցեր:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am