Հանձնաժողովը սահմանեց բնական գազի սակագները

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 27-ի հրավիրած նիստում քննարկեց սպառողներին վաճառվող բնական գազի սակագների, ինչպես նաև գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագների վերանայման վերաբերյալ հարցերը:

Հանձնաժողովի կողմից ընդունված որոշման համաձայն, ամսական մինչև 10 հազար նորմալ խորանարդ մետր սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի սակագինը սահմանվեց 96000 դրամ` առաջարկված 99000 դրամի փոխարեն, իսկ ամսական 10 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկային բանաձևը` P =215* E, որտեղ P-ն 10 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին վաճառվող 7900 կկալ/նորմալ խորանարդ մետր ջերմարարություն ունեցող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար. խմ), E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված մեկ ԱՄՆ դոլարի փաստացի հաշվարկային փոխարժեքի մեծությունն է: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դիմած հայտով առաջարկված բանաձևը հետևյալն էր`P =230.60* E:

Հանձնաժողովի որոշումը ուժի մեջ է մտնում 2009 թվականի ապրիլի 1-ից:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am