Ուսումնական վարժանքներ 1–04 ծառայություններում

Բնական գազի մատակարարման և սպառման ընթացքում ծագած արտակարգ իրավիճակների դեպքում մարդկային կյանքի պահպանման ու բնակչության նյութական վնասները նվազագույնին հասցնելու, հետևանքները արագ ու օպերատիվ վերացնելու, ինչպես նաև ընկերության տեխնիկական անձնակազմի պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով հունիսի 26-ից սկսած ուսումնական վարժանքներ են անցկացվում «ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ 1–04 վթարա-կարգավարական ծառայություններում:

Ուսումնավարժանքները կազմակերպվում են արտակարգ իրավիճակների հրշեջ-փրկարարական, շտապ բուժօգնության և ոստիկանության ծառայությունների հետ համատեղ` «Բազմաբնակարան շենքի մուտքում կուտակված գազի պայթյունի հետևանքով բնակարանի փլուզում և արտակարգ իրավիճակի վերացում», «Բազմաբնակարան շենքերի բակում գազի հոտի առկայություն, որից հետո հրդեհի բռնկում ու արտակարգ իրավիճակի վերացում» թեմաներով:

Այսօր մայրաքաղաքի Էրեբունի համայնքում անցկացված հերթական ուսումնավարժանքի սցենարով 1–04 ծառայությունում գրանցվեց գազի արտահոսքի մասին կանչ, որին հաջորդեց արագ արձագանքման բոլոր կառույցների օպերատիվ մոբիլազացումն ու ժամանումը դեպքի վայր:


«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ Տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության վարչություն պետ Աշոտ Գրիգորյանը ուսումնական վարժանքները գնահատեց բավարար` նշելով, որ անելիքներ դեռ շատ կան: <<Մեր պարտականություններն իրականացնելիս ավելի օպերատիվ եւ ավելի արագ գործենք:Ուսումնական վարժանքներն անցկացվում են 6 ամիսը մեկ, համաձայն նախապես կազմված ժամանակացույցի, բայց մեծ մասշտաբի վարժանք կարող է լինել տարին մեկ անգամ: Երկրորդ ուսումնական վարժանքը նախատեսում ենք աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին>>, — ասաց նա:


Ըստ Ա. Գրիգորյանի, նման իրավիճակներում ազգաբնակչության թիվ մեկ խնդիրը խուճապի չմատնվելն է և արագ արձագանքման խմբերի աշխատանքներին չխոչընդոտելը: Ուսումնավարժանքները նաև նպատակ ունեն լայն իրազեկում ապահովել ազգաբնակչության համար ևս:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am