Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունը ժամանակին ավարտին հասցնելու նպատակով ՀՀ կառավարությունը, արագ արձագանքելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ խնդրանքին, որոշում ընդունեց ընկերությանը տրամադրել 40 մլն դոլարի կարճաժամկետ բյուջետային վարկ: Միաժամանակ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բանակցություններ է վարում արտասահմանյան մի շարք ներդրողների հետ, մասնավորապես, ֆրանսիական «Աքրիքոլ», լիբանական «Բիբլոս» եւ ռուսական «Գազպրոմբանկ» խմբերի հետ երկարաժամկետ վարկ ստանալու ուղղությամբ՝ 6–7 տարի մարման ժամկետով:
Ինչու ընկերությունը դիմեց ՀՀ կառավարությանը վարկ ստանալու նպատակով հարցին, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ ֆինանսների եւ էկոնոմիկայի գծով Վահագն Առաքելյանը պարզաբանեց, որ դա անհրաժեշտ էր, որպեսզի այս ընթացքում, պայմանագրերի ձգձգման կամ ինչ-ինչ տեխնիկական պատճառներով «Հրազդան-5»-ի շինարարության եւ արդիականացման աշխատանքները «չսառեցվեն»: Ըստ Վ.Առաքելյանի, Ֆինանսական միջոցների դեֆիցիտի պատճառներից են գազի իրացման ծավալների զգալի կրճատումը, հատկապես էներգետիկայի եւ արդյունաբերության հատվածում, ինչպես նաեւ արտարժույթի կտրուկ թանկացումն ու կալորիակայնության գործոնները: Ընկերությունը շահագրգռված է արագ մարել կառավարության կողմից տրված վարկը. «Կարծում եմ, որ վարկը կմարենք 2–3 ամսում», —ասաց Վ.Առաքելյանը: Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2010թ.-ին, որի գործարկումից հետո «ՀայՌուսգազարդ»-ը ծրագրում է զբաղվել էլեկտրաէներգիայի արտահանմամբ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն