«ՀայՌուսգազարդ»-ը պարզաբանում է գազի սակագնի փոփոխությունը

27 հունվարի 2010, 00:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել հանրապետությունում գործող բնական գազի սակագների վերանայման հայտը` հիմք ընդունելով ներկրման գնի փոփոխությունը ընթացիկ տարվա ապրիլի 1-ից սկսած: Նշված փոփոխությունը նախատեսված է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և ՌԴ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ միջև ստորագրված բնական գազի առուվաճառքի երկարաժամկետ պայմանագրով, որի հիմնական պայմանը բնական գազի գների աստիճանական բարձրացումն է` համապատասխանեցնելով դրանք միջազգային գներին:

Ի տարբերություն այլ երկրների, որտեղ վառելիքի արժեքի թանկացումը կտրուկ բնույթ է կրում, ապագա տարիների ընթացքում ներկրվող գազի գնի աստիճանաբար աճի ապահովագրումը Հայաստանի համար լուրջ հնարավորություն է ստեղծում խուսափել գնային կտրուկ ցնցումներից եւ պահպանել համեմատաբար կայուն և պլանային վիճակ տնտեսության մեջ, միաժամանակ բաժանորդների համար ապահովելով բարձր սակագնի անցման ավելի մեղմ ընթացք:
Ավելին, ներկրման պայմանագրի համաձայն, 2010թ. ապրիլի 1-ից մինչև 2011թ. մարտի 31-ը ներառյալ բնական գազի գնման գին էր սահմանվել 200 ԱՄՆ դոլար/հազ.խմ, ներկայիս 154 ԱՄՆ դոլար/հազ. խմ փոխարեն: ՀՀ Նախագահի գործուն միջամտության շնորհիվ նշված գինը հաջողվեց իջեցնել և սահմանել 180 ԱՄՆ դոլար/հազ.խմ:
2010թ. համար Հայաստանի Հանրապետություն ներկրվող բնական գազի միջին տարեկան գնման գինը կկազմի 170 ԱՄՆ դոլար/հազ.խմ: Համեմատության համար նշենք, որ այսօր որպես գործող բացառիկ գին հանդիսանում է Բելառուսի օրինակը, որտեղ այն կազմում է 186–190 ԱՄՆ դոլար:

Ներկայումս «ՀայՌուսգազարդ» —ի ծառայություններից օգտվում է 600 հազար ընտանիք եւ ընկերությունը ձգտում է անել հնարավորը յուրաքանչյուր բաժանորդի պահանջները բավարարելու, ընկերության նկատմամբ նրա վստահության մակարդակը բարձրացնելու համար: Ծառայությունն այսօր ունի սոցիալական լուրջ բաղկացուցիչ և Ընկերությունն ավելի քան շահագրգիռ է, որպեսզի բնական գազի գինը մատչելի լինի սպառողների համար, հատկապես, երբ դեռ չենք հաղթահարել ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամի ծանր հետեւանքները:


Այդ հետևանքը «ՀայՌուսգազարդ» —ի համար արձանագրեց սպառման ծավալների 20 տոկոս նվազում, որի արդյունքում Ընկերությունը կորցրեց պլանավորված եկամուտների զգալի մասը և ֆինանսական տարին փակեց վնասով,ինչը, սակայն, չխանգարեց, որպեսզի Ընկերությունը մնա հանրապետության խոշոր հարկատուներից մեկը:

Համաձայն կանխատեսումների, իրացման ծավալների նվազման միտումը կպահպանվի նաև ընթացիկ տարում:
Հաշվի առնելով իրացման շուկա կորցնելու հնարավոր վտանգը, Ընկերության կողմից առաջարկվել է հնարավոր ցածր սակագին, որը նախորդ տարվա վնասների փոխհատուցում չի նախատեսում, այլ ընդամենը համակարգը և շուկան պահելու խնդիր է դնում:

Առաջարկվող սակագինն էապես ցածր է այն սակագնից, որն անհրաժեշտ է գազամատակարարման համակարգի զարգացման անհրաժեշտ մակարդակի ապահովման և տնտեսագիտորեն հիմնավորված բոլոր ծախսերի փոխհատուցման համար: Նույնիսկ այս պարագայում սակագինը կարող է բեռ լինել սպառողների համար, սակայն գնի ձևավորումը ինքնին տնտեսական կատեգորիա է և ծառայությունը իրական գնից տևականորեն ցածր լինել չի կարող:


Գործող սակագների պայմաններում վաճառքի միջին սահմանված սակագինը կազմում է 246.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ առաջարկվողում` 293.35 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, կամ աճը` շուրջ 19%, այն դեպքում, երբ գազի գնման գնի աճը կազմում է 17%: Այդուհանդերձ 2% աճի տարբերությունը «գերշահույթ» չի նշանակում, այլ ընդամենը ուղղված է հաստատուն ծախսերի փոխհատուցմանը և արձագանք է իրացման շուկայի կրճատմանը: Չհաշված նաև այն փաստը, որ վաճառքի գնից է բյուջե փոխանցվում ավելացված արժեքի հարկը:


Ինչ վերաբերում է բնակչության և խոշոր սպառողների սակագների տարբերությանը, ապա դա պայմանավորված է նրանց բաժին ընկնող շահագործման և պահպանման ծախսերի չափով և իրացված գազի ծավալներով: Մասնավորապես, ընդհանուր ծախսերի շուրջ 65%-ը բաժին է ընկնում բնակչության հատվածին, այն դեպքում, երբ սպառողների այդ խմբի կողմից սպառվում է իրացված գազի ընդհանուր ծավալի 36%-ը: Գազի գների նշված տարբերակումն առկա է և կիրառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում:

Լինելով խոշոր հարկատուներից մեկը և ունենալով խոշորագույն ներդրումային փաթեթը հանրապետությունում, «ՀայՌուսգազարդ»-ը մշտապես հետաքրքրված է երկրի սոցիալ-տնտեսական, մասնավորապես էներգետիկայի բնագավառի կայուն զարգացմամբ, հետևաբար սակագնի փոփոխությունները երբեք ինքնանպատակ չեն Ընկերության համար:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button