«ՀայՌուսգազարդ»-ում անցկացվեց ՔՊ ցուցադրական վարժանք

Մարտի 1-ին քաղաքացիական պաշպանության միջազգային օրվա կապակցությամբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում անցկացված «Հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական վարժանքները, որին մասնակցում էր արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ներգրավված էին «ՀայՌուսգազարդ»-ի ՔՊ կազմավորումները, կառավարման մարմինները և անձնակազմը, Երևան քաղաքի ՔՊ ծառայությունները, տարահանման հանձնաժողովը, ՀՀ ԱԻՆ ՀՓԾ Երևան քաղաքի Փրկարարական վարչությունը եւ համայնքային բաժինները, ՔՊ կազմավորումները, վարչական շրջանների ղեկավարները, հատուկ եւ հրշեջ փրկարարական ջոկատները եւ այլն:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունում անցկացված ցուցադրական վարժանքի սցենարով տեղի է ունեցել հակառակորդի հանկարծակի հարձակում եւ ընկերության մասնաշենքերից մեկի տանիքում բռնկվել է հրդեհ, որը պետք է տեղայնացվեր, վերացվեր եւ կազմակերպվեր աշխատողների տարահանումը:
Վարժանքի անցկացման նպատակն է ճշգրտելու արտակարգ իրավիճակներում «ՀայՌուսգազարդ»-ի ՔՊ կազմավորումների, կառավարման մարմինների և անձնակազմի պատրաստվածության մակարդակը ու փրկարարական գործողությունների համակարգված աշխատանքը: Հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության կանոններին ու միջոցառումներին:
«Խնդիրը դրված է, որ ոչ միայն փրկարար ուժերը, այլ նաեւ այն կազմակերպությունները, ձեռնարկությունները, դպրոցները որտեղ իրականացվում են վարժանքները ապահովենք մասնակցային գործընթաց, որ իրենք իրենց վրա զգան, թե ինչպես տեղի են ունենում այդ գործողությունները. եւ տարահանումը, եւ փրկարարական գործողությունները, որպեսզի զգացվի այդ մթնոլորտը: Դա շատ կարեւոր է, որովհետեւ մենք կարող ենք ունենալ շատ լավ փրկարարական զարգացած կազմավորումներ, սակայն այդ գործոնը չի լինի արդյունավետ, եթե բնակչությունը չլինի իրազեկված, պատրաստված եւ ընդգրված: Եւ քանի որ մենք ուզում ենք ստեղծել ավելի կայուն պետություն, մեր կարեւորագույն խնդիրը պետք է լինի բնակչության ընդգրկվածությունը» — նշել է ԱԻՆ Հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am