Կլոր սեղան «Բնական գազի ջերմատվություն և որակական հատկանիշներ» թեմայով

13 դեկտեմբերի 2012, 00:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել կլոր սեղան «Բնական գազի ջերմատվություն և որակական հատկանիշներ» թեմայով, որին մասնակցել են «ՀայՌուսգազարդ»-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Ազգային չափագիտության ինստիտուտի, սպառողների շահերը պաշտպանող մի շարք հասարակական կազմակերպությունների, «Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ-ի, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի, ջերմոցային տնտեսությունների միության ներկայացուցիչներ, ֆերմերներ, փորձագետներ:

Կլոր սեղան «Բնական գազի ջերմատվություն և որակական հատկանիշներ» թեմայով

Կլոր սեղան «Բնական գազի ջերմատվություն և որակական հատկանիշներ» թեմայով

«ՀայՌուսգազարդ»-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադևոսյանը կլոր սեղանի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի շուկայում մատակարարվող բնական գազի որակական հատկանիշները՝ ընդգծելով, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտին: «Նշված ստանդարտի համաձայն, սպառողներին մատակարարվող մեկ խորանարդ մետր բնական գազի ջերմատվությունը չի կարող լինել 7600 Կկալ ցածր: Հայաստանի բնակչությանը մատակարարվող բնական գազի ջերմատվության արժեքը մեկ խորանարդ մետրում 8000 կիլոկալորիայից ցածր երբեք չի եղել», — նշեց Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետը:

Հ.Թադևոսյանը շեշտեց է, որ «ՀայՌուսգազարդ»-ն ունի ստացիոնար և շարժական լաբորատորիաներ, որտեղ կանոնավոր կերպով կատարվում են բնական գազի որակական հատկանիշների ստուգումներ: Բացի «ՀայՌուսգազարդ»-ից, նման լաբորատորիաներ ունեն Հայաստանի խոշորագույն գազ սպառողները, այդ թվում Հրազդանի ՋԷԿ-ը, Երևանի ՋԷԿ-ը և «Արարատցեմենտ» գործարանը, որոնց հետ սահմանված աշխատանքային կարգով իրականացվում են ամենօրյա փոխադարձ ստուգումներ:

Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետը նաև նշեց, որ յուրաքանչյուր տասնօրյակը մեկ «ՀայՌուսգազարդ»-ը մամուլում հրապարակում է ըստ տարածքների մատակարարված բնական գազի ջերմատվության միջին արժեքների մասին տեղեկատվություն: Այդ տեղեկությունները հաշվետվության տեսքով ներկայացվում են նաև ՀԾԿՀ:


Հ.Թադևոսյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ գազի որակի մասին տեղեկատվությունը հասանելի է բոլորին, միաժամանակ նշելով՝ որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը միշտ պատրաստ է պարզաբանումներ ներկայացնել բնական գազի որակական հատկանիշներին առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ և պատրաստակամ է շահագրգիռ կողմերի առաջարկությամբ և մասնակցությամբ գազի որակական հատկանիշների հետազոտություն իրականացնել ցանկացած ժամանակ և ցանկացած հասցեում:


Ծավալված քննարկման ընթացքում սպառիչ պատասխաններ տրվեցին նաև սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին: ՀԿ-ները ներկայացուցիչները՝ ամփոփելով քննարկման արդյունքները, նշեցին, որ հարցի հետ կապված իրազեկման անհրաժեշտություն կա և առաջարկեցին իրենց մասով աջակից լինել այդ գործում:

Քննարկումից հետո ՀԿ-ների ներկայացուցիչներն այցելեցին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի լաբորատորիա, որտեղ նրանց ներկայությամբ իրականացվեց բնական գազի որակի հետազոտություն:

LiveJournal Share Button