Վարդան Հարությունյանը դրական է գնահատել ընկերության 2012 թվականի գործունեությունը
Հունվարի 9-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում կայացած կարգավարական խորհրդակցության ընթացքում Ընկերության Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը ամփոփելով 2012 թվականի գործունեությունը` դրական է գնահատել Ընկերության կողմից իրականացված ծրագրերը:
Անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հավանության արժանացած «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2013–2015 թթ. ներդրումային ծրագրի հիմնական ուղղություններին` Վ. Հարությունյանը նշել է, որ գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի պահպանման, արդիականացման և անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրները եղել և մնում են Ընկերության գործունեության առաջնահերթությունները և այդ ուղղությամբ նախատեսված բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն մաքսիմալ արդյունավետությամբ: Խոսելով 2013 թվականի անելիքների շուրջ, Վարդան Հարությունյանը կարևորել է Ընկերության ֆինանսատնտեսական ցուցանիշների կայունացման և հետագա զարգացման ծրագրերի ուղղությամբ տարվող աշխատանքները: Միաժամանակ նա ընդգծել է, որ հատուկ ուշադրություն պետք է հատկացվի մատուցվող ծառայությունների որակի բաձրացման, սպառողների անվտանգության խնդիրների ապահովման եւ կառավարման համակարգի բարելավման գործընթացներին: Ընկերության ստորաբաժանումներին հանձնարարվել է ամփոփել և հաշվետվություններ պատրաստել 2012թ. կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել 2013 թվականի աշխատանքային ծրագրերը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն