«Տրանսգազ» ՍՊԸ-ն անցկացրել է երկօրյա ուսումնական վարժանքներ գազափոխադրման համակարգի օբյեկտներում, որոնց մասնակցել են ընկերության Վանաձորի գծային շահագործման մասնաճյուղի (ԳՇՄ) Գյումրիի գծային շահագործման տեղամասի (ԳՇՏ) վթարային խումբը, հրշեջ ծառայության մարտական հաշվարկ և շտապօգնության բրիգադ:
Վարժանքների ընթացքին հետևել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Տրանսգազ» ՍՊԸ-ի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության, ինչպես նաև ոստիկանության ներկայացուցիչները:
Ուսումնական վարժանքների առաջին օրվա սցենարով Գյումրի քաղաքի մոտակայքում գտնվող «Հոռոմ» գազաբաշխիչ կայանի (ԳԲԿ) տարածքում վթարային իրավիճակի հետևանքով բռնկվել է հրդեհ:
Արտակարգ դեպքի մասին ահազանգ ստանալուց հետո Գյումրիի ԳՇՏ-ի պետի հրահանգով ձևավորվել է վթարային խումբ: «Տրանսգազ» ՍՊԸ-ի մասնագետներն օպերատիվ մեկնել են դեպքի վայր, մինչև հրշեջների ժամանելը տեղում ձեռնարկել են հրդեհաշիջման հնարավոր միջոցներ, տուժածներին ցուցաբերել են առաջին օգնությունը:
Վարժանքների երկրորդ օրվա սցենարով, մայրուղային գազատարի կողմնատարում հայտնաբերվել է գազի արտահոսք, իսկ Գյումրիի ԳՇՏ-ի վթարային խումբն իրականացրել է վթարի վերացման աշխատանքներ՝ անվտանգության տեխնիկայի բոլոր պահանջների պահպանմամբ:
Գնահատելով վթարային խմբի գործողությունները, ուսումնական վարժանքների ղեկավար, Գյումրիի ԳՇՏ-ի պետի տեղակալ Ռուբիկ Զաքարյանը նշել է, որ իրենց մասնագետները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն գազափոխադրման համակարգի օբյեկտներում արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներն իրականացնելիս, իսկ «1–01», «1–02» և «1–03» ծառայությունների հետ փոխգործակցությունը եղել է բարձր մակարդակի:
Տեղեկանք
«Տրանսգազ» ՍՊԸ-ն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերությունն է: «Տրանսգազ»-ի գործունեության հիմնական տեսակներն են՝
բնական գազի տեղափոխում,
տեղափոխվող եւ պահեստավորվող բնական գազի հաշվառում,
գազի ստորգետնյա պահեստարաններում բնական գազի ներմղում, պահեստավորում եւ բացթողում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 2 ՄԲ)