Շուրջ 2 տարի տևած ծավալուն աշխատանքի արդյունքում 10 ձայնասկավառակից ու տեղեկատվական գրքույկից բաղկացած հոբելյանական թողարկումը նվիրված է Հայաստանում ջազի 75-ամյա պատմությանը՝ ընդգրկելով 1938–2013թթ. հայ երաժիշտների ավելի քան 100 լավագույն կատարումները:
Ձայնասկավառակների հավաքածուն ջազի սիրահարներին ներկայացնում է ժանրի լավագույն աշխատանքները՝ Հայաստանում ջազի ծննդյան ակունքներից մինչև մեր օրերը: Ստեղծագործություններն ընտրված և դասավորված են ժամանակագրորեն, ինչը հնարավորություն է տալիս լիարժեք պատկերացում կազմել հայկական ջազային երաժշտության էվոլուցիայի վերաբերյալ: Երաժշտական ամբողջ նյութը գտնելու, հավաքելու, վերականգնելու և ունկնդրին ներկայացնելու համար հսկայածավալ աշխատանք է իրականացվել:
Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու Արմեն Թութունջյանը գրքույկի նախաբանում նշել է, որ անթալոգիան վկայում է այն մասին, որ ջազային երաժշտությունը հանդիսանում է Հայաստանի ազգային երաժշտական մշակույթի անբաժան մասը, ինչը հպարտության է արժանի:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը ողջույնի խոսքում նշել է. «Ռիթմ, ինքնատիպ իմպրովիզացիաներ, տրամադրությանը ներդաշնակվող ելևէջներ-բոլորովին այլ էներգետիկա է ստեղծում ջազը, հայկական ջազը, որն արդեն 75 տարիների կենսագրություն ունի: Անցած տարիների ընթացքում ջազային երաժշտությունը մեզանում ևս ձևավորեց նոր արժեքներ, մշակութային ազատության նոր սահմաններ՝ դրա հետ մեկտեղ պահպանելով ստեղծագործ մտքի բնութագիրը: Հատկանշական է, որ հայկական ջազի պատմությունը նոր որակներ դրսևորեց հատկապես 60-ական թվականներին, երբ Հայաստանի կյանքում աշխույժ գործընթացներ էին տեղի ունենում: Դա կենսական ռիթմ էր, որը զարգացումներ էր պահանջում:
Հենց 60-ականներին էլ սկիզբ առավ Հայաստանի գազի տնտեսության պատմությունը, որն իր ճանապարհին վերելքի, անկման և կայուն զարգացման հիշարժան տարիներ է թողել:
Այդ պատմության մեջ առանձնահատուկ հետք են թողել նաև անհատներ, որոնց նվիրումի ու անձնուրաց աշխատանքի շնորհիվ ստեղծվել ու կայացել է մի ամբողջ համակարգ, ձևավորվել են բազմաթիվ գեղեցիկ ավանդույթներ, որոնք այսօր «Գազպրոմ Արմենիա» մենեջերների թիմը պատվախնդրորեն շարունակում ու զարգացնում է:»
Շնորհանդեսի ընթացքում կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը բարձր գնահատելով աշխատանքը, նշեց, որ նման ծավալի և հագեցվածության ժողովածու երբևէ չի հրատարակվել Հայաստանում: «Անթոլոգիան երևույթ է մեր երաժշտական կյանքում: Ջազային երաժշտությունը, ինքնամփոփ մնալով միառժամանակ, վերջապես հնարավորություն ունի իր 75-ամյա գործունեության արդյունքը ցուցադրել․․․ համայն մարդկության ջազ սիրողներին»:
Լևոն Մալխասյանի խոսքով, փորձել են ոչ մի հեղինակ կամ կատարում բաց չթողնել և հայկական ջազի ողջ ստեղծագործական ընթացքը ներկայացնող անթոլոգիան համահավաք մատուցել մեր երաժշտագետներին ու երաժշտասերներին:
«Գազպրոմ Արմենիա» Ընկերության անունից շնորհակալություն հայտնելով նախագծի հեղինակներին գաղափարը կյանքի կոչելու համար, Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պետ Շուշան Սարդարյանը նշեց, որ հայկական ջազի հետ կապված սա «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից համատեղ իրականացվող առաջին նախագիծը չէ: Հայկական ջազը ունի արդեն պատմություն, ունի ձևավորված ավանդույթներ, և ուախ ենք, որ այս անթալոգոիան հնարավորություն է տալիս հայկական ջազը ճանաչելի ու լսելի դարձնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև սահմաններից դուրս:
Նախագիծը կոմերցիոն նպատակներ չի հետապնդում և նախատեսված չէ վաճառքի համար, հետևաբար թողարկվել է սահմանափակ քանակությամբ, սակայն այդ բացը լրացնելու, ջազային երաժշտության ողջ ժառանգությունը հանրության լայն շրջանակներին ավելի հասանելի դարձնելու համար ներկայում պատրաստման փուլում է և շատ շուտով կգործարկվի armjazz75.am ինտերնետային կայքը ՝որտեղ կներկայացվեն ոչ միայն բոլոր ձայնագրությունները, այլ նաև բովանդակության և ձեռք բերված արխիվային լուսանկարների առումով ավելի հարուստ նյութ, քան ներկայացված է անթոլոգիայի գրքույկում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)