2016 թվականը հայտարարված է աշխատանքի պաշտպանության տարի
Այսօր հրավիրված ընդլայնված խորհրդակցության ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը ամփոփելով 2015 թվականի գործունեությունը` դրական գնահատեց Ընկերության կողմից իրականացված ծրագրերը:
Վարդան Հարությունյանը հանգամանորեն ներկայացրեց Ընկերության 2016 թվականի ծրագրերն ու առաջնահերթ անելիքները: Ըստ Գլխավոր տնօրենի, 2015 թվականին իրականացրած աշխատանքներն ու արձանագրած ցուցանիշները պարտավորեցնում են, որպեսզի 2016թ. տեմպերը լինեն ավելի բարձր, իսկ ծրագրերն` ավելի արդյունավետ:
Անդրադառնալով ներդրումային ծրագրի հիմնական ուղղություններին` Վ. Հարությունյանը նշել է, որ գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի պահպանման, արդիականացման և անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրները եղել և մնում են Ընկերության գործունեության առաջնահերթությունները և այդ ուղղությամբ նախատեսված բոլոր աշխատանքները պետք է շարունակվեն մաքսիմալ արդյունավետությամբ:
Կարևորելով Հայաստանի գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր հատակագծի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները, Գլխավոր տնօրենը հանձնարարեց պարբերաբար զեկուցել արդյունքների մասին և առավել հետևողական աշխատանքներ տանել տնտեսական բնութագրերի և հիմնական տեխնիկական լուծումների առումով:
2016 թվականի առանցքային ծրագրերից Վարդան Հարությունյանը հատկանշեց «Գազպրոմը՝ երեխաներին» ծրագրի շրջանակում նախատեսվող ուսումնամարզական համալիրի շինարարության մեկնարկը, որն իրագործվում է «Գազպրոմ» ԲԲԸ աջակցությամբ և ֆինանսավորմամբ: Աշխատանքները կսկսվեն գարնանը, մինչ այդ կապահովվեն մրցութային կարգով անցնող համապատասխան ընթացակարգերը:
Նախագիծն ունի բացառապես սոցիալական ուղղվածություն և իր բազմաֆունկցիոնալ հնարավորություններով համալիրը կլինի աննախադեպ Հայաստանում:
Ընկերության ստորաբաժանումներին հանձնարարվեց ամփոփել և հաշվետվություններ պատրաստել 2015թ. կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել 2016 թվականի աշխատանքային ծրագրերը:
Նշվեց նաև, որ եղանակային ցածր ջերմաստիճանով պայմանավորված գազափոխադրման համակարգն աշխատում է զգալի ծանրաբեռնվածությամբ, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում արվում է ամեն ինչ՝ համակարգը բնականոն շահագործելու, մատակարարման ռեժիմները կարգավորելու ուղղությամբ՝ սպառողներին անխափան գազամատակարարում ապահովելու և հնարավոր տեխնիկական վթարներից խուսափելու համար:
Շնորհակալություն հայտնելով համապատասխան ծառայություններին հատկապես հանգստյան օրերին շուրջօրյա աշխատանքի համար, Վ. Հարությունյանը հանձնարարեց շարունակել ձմռան շրջանի հետ կապված պլանային աշխատանքները և հատուկ ուշադրություն հատկացնել մատուցվող ծառայությունների որակին, գազամատակարարման անվտանգության պահանջներին:
Վ. Հարությունյանը նշեց նաև, որ 2016 թվականը «Գազպրոմ» ՀԲԸ —ում հայտարարվել է Աշխատանքի պաշտպանության տարի, ինչը նախատեսում է մի շարք համալիր միջոցառումների իրականացում, որոնք ուղղված են կառավարման համակարգի զարգացմանը, հատկապես արտադրական անվտանգության ապահովմանն ու աշխատանքային պայմանների բարելավմանը, կորպորատիվ մշակույթի անընդհատ կատարելագործմանը:
«Ընկերության ամենակարևոր կապիտալը նախ և առաջ մեր աշխատակիցներն են, և մենք պարտավոր ենք միշտ ուշադրության կենտրոնում պահել աշխատանքի անվտանգության հարցերն ու ապահովել մաքսիմալ հարմարավետ պայմաններ աշխատանքի համար», —նշել է Վ. Հարությունյանը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 2 ՄԲ)