«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Հ.Թադևոսյանն ընտրվել է Միջազգային գործարար կոնգրեսի Նախագահության անդամ

Մայիսի 25-ին Վիեննայում «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ, Միջազգային գործարար կոնգրեսի (ՄԳԿ) նախագահ Ալեքսեյ Միլլերի գլխավորությամբ տեղի է ունեցել Կոնգրեսի Նախագահության 36-րդ նիստը և Կոնգրեսի 20-րդ Ընդհանուր տարեկան ժողովը:

Նիստի մասնակիցները քննարկել են ՄԳԿ-ի 2016 թ. աշխատանքի արդյունքները: Բացի այդ, Կոնգրեսի աշխատանքային հանձնաժողովների ղեկավարները հանդես են եկել զեկույցներով:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև ՄԳԿ-ի Վարչության և Նախագահության անդամների ընտրության հարցը: Կոնգրեսի նախագահ է վերընտրվել Ալեքսեյ Միլլերը, փոխնախագահ՝ Uniper ընկերության (Գերմանիա) Վարչության նախագահ Կլաուս Շեֆերը:

ՄԳԿ-ի Նախագահության անդամ է ընտրվել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը: Նախագահության նոր անդամ են դարձել նաև Յորգ Բոնգարտցը (Deutsche Bank AG), Տիլո Վիլանդը (Wintershall Holding GmbH), «Գազպրոմ ավտոմատիզացիա» ՀԲԸ Գլխավոր տնօրեն Դմիտրի Ժուրավլյովը, OMV AG ընկերության Վարչության նախագահ Ռայներ Զելեն, Royal Boskalis Westminster N.V. խմբի Տնօրեն Պետեր վան դեր Լինդեն, Յասուհիկո Հաշիմոտոն (Mizuho Bank Ltd.):

Վարչության նոր անդամ է ընտրվել Wintershall Russland GmbH ընկերության ղեկավար Մարգարիտա Հոֆֆմանը: «Բնապահպանություն և առողջապահություն» հանձնաժողովի նոր ղեկավար է ընտրվել Նեբոյշա Յանկովիչը (Comita ընկերությունների խումբ):

Որոշում է ընդունվել, որ Կոնգրեսի հերթական Ընդհանուր ժողովն անցկացվելու է 2018 թ. Հնդկաստանում:


Տեղեկանք

Միջազգային գործարար կոնգրեսը (ՄԳԿ)՝ միջազգային ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպություն է: Կոնգրեսի կազմում կա 129 անդամ, որոնք ներկայացնում են աշխարհի 28 երկրներ:

Կոնգրեսի գերագույն մարմինը՝ Ընդհանուր ժողովն է: Կազմակերպությունը ղեկավարում է 50 անդամներից կազմված Նախագահությունը: Օպերատիվ հարցերի կարգավորմամբ զբաղվում է 9 հոգուց կազմված Վարչությունը:

Կոնգրեսը զբաղվում է տնտեսական համագործակցության գործնական հարցերով, մշակում է առաջարկություններ ձեռներեցության և բիզնեսի արդյունավետ ու անվտանգ իրականացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու և խոչընդոտները վերացնելու նպատակով:

Գործնական աշխատանքն իրականացվում է ՄԳԿ-ի կազմում գործող 8 աշխատանքային հանձնաժողովների շրջանակում՝ «Էներգետիկա», «Արդյունաբերություն, նորարարություն և հեռանկարային զարգացում», «Օրենսդրություն, բանկեր և ֆինանսներ», «Տեղեկատվություն և հաղորդակցություն», «Բնապահպանություն և առողջապահություն», «Ժամանակակից տեխնոլոգիաներ և նավթագազային ոլորտի հեռանկարային նախագծեր», «Մարդկային ռեսուրսներ,կրթություն և գիտություն», «Ձեռներեցության անվտանգություն»:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am