Հ․Թադևոսյան․ Ստեղծված են բոլոր պայմանները ավելի բարձր ցուցանիշների հասնելու և զարգացման համար

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի նախագահությամբ, որին մասնակցել են Ընկերության դուստր ընկերությունների, գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի, «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի, «Հրազդան-5» և «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկների տնօրենները, կառուցվածքային ստորաբաժանումների, տարածքային արտադրա-շահագործման ծառայությունների ղեկավարները:


Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2021 թվականի անցած ինն ամիսների արտադրա-տնտեսական և ֆինանսական գործունեության արդյունքները, քննարկվել առաջիկա հինգ տարվա համար նախանշված ծրագրերը, ինչպես նաև հեռանկարային խնդիրներն ու անելիքները։


Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը Ընկերության մի շարք մասնաճյուղերի տնօրեններին, ինչպես նաև «Տրանսգազ» ՍՊԸ ղեկավարին հանձնեց «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ա.Միլլերի շնորհակալագրերը՝ գազի արդյունաբերության զարգացման գործում անձնական մեծ ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար:




Հրանտ Թադևոսյանը՝ անդրադառնալով ընկերության ընդհանուր գործունեությանն անցած ժամանակահատվածում նշեց, որ պայմանավորված 2020 թվականին բնական գազի սակագների վերանայման գործընթացով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն լուծել է բազմաթիվ խնդիրներ և հարցեր։


«Կարողացել ենք իրականացնել մի շարք փոփոխություններ՝ կապված սակագների վերանայման հետ, որոնք միաժամանակ ունեցել են դրական արդյունք։ Պետք է ընդգծեմ, որ այսօր բոլոր առանցքային խնդիրները և հարցերը մեր կողմից կարգավորված են՝ բոլոր ուղղություններով։ Ամենակարևորն այն է, որ մեզ հաջողվել է ապահովել ֆինանսական կայունություն համակարգում, ինչի արդյունքում ավելացել են շահագործման, ընթացիկ նորոգման և կապիտալ ներդրումների հետ կապված ծախսերը։ Նշեմ, որ նախանշված աշխատանքները պետք է իրականացնել ամբողջական ծավալով և բարձր արդյունավետությամբ։ Անհրաժեշտ եմ համարում ընդգծել նաև, որ 2020 թվականի 4-րդ եռամսյակի և ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների կտրվածքով ունենք մեծածավալ աշխատանքներ, որոնց իրագործումն ուղղված է մեր համակարգի արդյունավետության բարձրացմանը», — ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ, Գլխավոր ճարտարագետ Աշոտ Հակոբյանը ներկայացրեց 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում արտադրական գործունեության արդյունքները, մասնավորապես՝ բաշխիչ ցանցում բնական գազի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների, ազդանշանային սարքերի փոխարինման գործընթացի վերաբերյալ տվյալները, 2021–2022թթ. աշուն-ձմեռ ջեռուցման շրջանում գազաբաշխման համակարգում իրականացվելիք անվտանգության միջոցառումները։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ, Գլխավոր ճարտարագետը ներկայացրեց նաև Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի (ԳՍՊԿ) վերականգնմանը և վերակառուցմանն ուղղված աշխատանքների արդյունքները, գազափոխադրման համակարգում 2020–2021թթ. ընթացքում կորուստների նվազեցմանն ուղղված միջոցառումների շրջանակում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև գազամատակարարման համակարգում 2022–2026թթ. ընթացքում նախատեսված միջոցառումները։


Աշոտ Հակոբյանն ընդգծեց, որ 2021–2022թթ. աշուն-ձմեռ ժամանակահատվածին նախապատրաստմանն ուղղված միջոցառումները իրականացվում են սահմանված ժամանակացույցի համաձայն, նշված ժամանակահատվածի համար Աբովյանի ԳՍՊԿ-ում կապահովվի ակտիվ բնական գազի անհրաժեշտ ծավալը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ, Գլխավոր ճարտարագետը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացվելու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2022–2026թթ․ ներդրումային ծրագիրը, որում ներառված են նաև կապիտալ նորոգման պլանով նախատեսված միջոցառումները։

«Ներդրումային ծախսերը առաջիկա հինգ տարիների ընթացքում կկազմեն շուրջ 140 մլրդ դրամ, նախատեսվում է ապահովել ինչպես մայրուղային, այնպես էլ գազաբաշխման ցանցի գազատարների կապիտալ նորոգում՝ տարեկան շուրջ 140 կիլոմետր ընդհանուր ծավալով։ Երբևէ „Գազպրոմ Արմենիա“ ընկերությունը նման մեծածավալ աշխատանքներ չի իրականացրել», — նշեց Աշոտ Հակոբյանը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ, Գլխավոր ճարտարագետը տեղեկացրեց նաև, որ կմեկնարկեն Աբովյանի ԳՍՊԿ-ի նոր ճնշակայանի կառուցման աշխատանքները։

Աշոտ Հակոբյանի խոսքով, իրականացվող միջոցառումներն արդեն իսկ դրական ազդեցություն ունեն կորուստների նվազեցման դինամիկայի առումով, իսկ նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքում կբարձրանա համակարգի հուսալիությունը և անվտանգության մակարդակը։




Կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ տեղեկություններ ներկայացրեցին նաև բնական գազի իրացման և բաշխման, ֆինանսական, կապիտալ շինարարության, կոմերցիայի և կորպորատիվ պաշտպանության գծով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալները, ինչպես նաև «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրենը։


Ամփոփելով խորհրդակցության արդյունքները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը իր գոհունակությունը հայտնեց ներկայացված արդյունքների վերաբերյալ՝ նշելով միաժամանակ, որ պետք չէ սահմանափակվել առկա ձեռքբերումներով, անհրաժեշտ է շարժվել առաջ, քանի որ ավելի բարձր ցուցանիշների հասնելու և զարգացման համար ստեղծված են բոլոր պայմանները։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am