«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Հ․Թադևոսյանի շնորհավորական ուղերձը
Հարգելի գործընկերներ,
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս գալիք տոների՝ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:
Անցնող տարին մեր ընկերության համար ևս մեկ դժվարին ժամանակահատված էր, որը կարողացանք ոչ միայն արժանապատվորեն հաղթահարել, այլև ամրապնդեցինք վստահությունը մեր սեփական ուժերի ու կարողությունների հանդեպ: Դժվարություններով հանդերձ, մեզ հաջողվեց առաջ քայլ անել ու ամրագրել նշանակալի արտադրատնտեսական արդյունքներ:
Միանշանակ առաջընթացը ոչ միայն բարդագույն խնդիրների լուծումներ է պահանջում, այլև առաջ շարժվելու նոր հնարավորություններ ստեղծում:
Պետք է հատուկ ընդգծեմ, որ այս տարի մեկնարկեցին Հայաստանի Հանրապետության գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր սխեմայով նախատեսված լայնածավալ միջոցառումներ, որոնց իրագործումը թույլ կտա արդիականացնել համակարգը և հնարավորինս համապատասխանեցնել այն միջազգային չափանիշներին: Առաջիկա տարիներին շարունակելու ենք իրականացնել գազափոխադրման համակարգի և գազաբաշխման ցանցի օբյեկտների կապիտալ նորոգման և վերակառուցման մեծածավալ աշխատանքներ երկրի ողջ տարածքում և վստահ եմ, որ աշխատելու ենք նույն նվիրումով, եռանդով ու արդյունավետությամբ՝ ցուցաբերելով բարձր պատասխանատվություն մեր ընդհանուր գործի նկատմամբ։
Մենք մի թիմ ենք, մի ընտանիք և մեզնից յուրաքանչյուրի անձնական նպատակները անբաժան են մեր ընկերության հաջողություններից:
Կրկին շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ բոլորիդ քաջ առողջություն, սեր ու ջերմություն յուրաքանչյուրիդ ընտանիքին: Թող խաղաղությունն ու բարօրությունը ուղեկից լինեն մեզ ու մեր երկրին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն