Սկսվել է անվտանգության սարքերի տեղադրումը
Այն պարտադիր է բոլորի համար
Ներտնային գազամատակարարման կարեւորագույն բաղադրիչը՝ գազօգտագործման անվտանգությունը, ինչպես տեղեկացրել ենք, հանրապետությունում համարվում է առաջնահերթ լուծման խնդիր։ Կա այդ մասին կառավարության համապատասխան որոշումը։ Ահա եւ երեկ «ՀայՌուսգազարդ» ընկերությունն սկսեց անվտանգության ազդանշանային սարքերի տեղադրման գործընթացը։ Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Հովսեփյանը տեղեկացրեց, որ արդեն այդ սարքերից 8000 հատ հատկացվել են ընկերության տարածքային ծառայություններին։ Գործընթացը մեկնարկել է հանրապետության բոլոր մարզերում եւ մայրաքաղաքում։
«Ազդանշանային սարքերը եւ անջատիչ փականները կտրուկ բարձրացնում են անվտանգության աստիճանը, բայց դա չի նշանակում, որ կարելի է դրանից հետո իմիջիայլոց վերաբերվել գազի տնտեսությանը՝ ծխահեռացման համակարգին, օդափոխության համակարգին՝ հույսը դնելով միայն ազդանշանային սարքերի վրա։ Անվտանգությունը պահանջում է համակողմանի ուշադրություն, որ գործը միայն սարքի հույսին չմնա»,-ասաց Աշոտ Հովսեփյանը։
Որպեսզի պատկերացնենք, թե ինչ աստիճանի կարեւորության խնդրի հետ գործ ունենք, ասենք, որ 2008թ. ընթացքում գազից թունավորման 30 դեպք է տեղի ունեցել, մահացել է 12 մարդ։ Այս կապակցությամբ փոխտնօրենը նշեց. «Ստուգումները վկայում են, որ մենք կկարողանայինք գրեթե բոլորին փրկել, եթե տեղադրված լինեին ազդանշանային սարքեր»:
Նորից հիշեցնենք, թե ինչ սարքերի մասին է խոսքը։ Դրանք ճապոնա-չինական տեխնոլոգիայով արտադրվող ազդանշանային եւ անջատիչ սարքեր են։ Ազդանշանայինը տեղադրվում է խոհանոցում, անջատիչ կափույրը՝ գազի խողովակի մուտքի վրա (ներսում կամ դրսում)։ Շմոլ եւ մեթան գազերի առկայության դեպքում ազդանշանային սարքը ձայնային ազդանշան է արձակում, ապա ավտոմատ հրահանգով անջատիչ կափույրը փակում է գազի մուտքը բնակարան։ Սարքը գործում է էլեկտրասնուցմամբ։ Անվտանգության այդ համակարգը (երկու սարքից բաղկացած) գործում է նաեւ բնակարանում հրդեհի դեպքում։ Ջերմաստիճանի 70 աստիճանից անցնելու դեպքում նույն կերպ ավտոմատ փակում է գազի մուտքը եւ թույլ չի տալիս, որ հրդեհը բարդանա նաեւ գազի միջամտությամբ։ Աշոտ Հովսեփյանի տեղեկացմամբ, ազդանշանային սարքն ունի նաեւ «սեւ արկղ»։ Դրանում գրանցվում է տեղեկություն այն իրավիճակի մասին, որ նախորդել է վթարին։ Հետագայում, անհրաժեշտության դեպքում, կարելի է ուսումնասիրել գրանցված տեղեկությունը եւ լուծել հնարավոր վեճը (եթե կա այդպիսին)։ Սարքը համարվելու է ընկերության սեփականությունը եւ անվճար է տեղադրվելու։ Բնակչի պարտականությունն է պահպանել այն։ Փոխտնօրենը նշեց, որ յուրաքանչյուր բնակարանում մեկ սարք է տեղադրվում (անվճար)։ Իսկ եթե բնակիչը ցանկանում է լրացուցիչ սարք տեղադրել, ապա դրա համար պարտավոր է վճարել։ Գինը մոտ 10000 դրամ է։ Աշոտ Հովսեփյանը շեշտեց, որ եթե այդ սարքերը տեղադրող մասնագետները կփորձեն մեկ սարքի համար ինչ-որ վճար պահանջել, ապա հարկ է տեղեկացնել ընկերությանը։ Սարքերի արժեքը մտցվելու է գազի սակագնի մեջ, այն էլ (ըստ փոխտնօրենի) էականորեն չի արտահայտվելու։
Մասնագիտական խորհուրդ էլ հնչեցրեց փոխտնօրենը. եթե գազով աշխատող մի քանի սարք կա բնակարանում, արդարացված կլինի սենյակների դռները բաց պահելը, որպեսզի օդի շրջանառություն կատարվի, եւ ազդանշանային սարքը «ընկալի» գազի արտահոսքը։ Նույնը նաեւ լոգարանների մասին. դռները պետք չէ, որ հերմետիկ փակվեն։ Որքան լավ է օդի շրջանառությունը, այնքան անվտանգ է բնակարանը։ Բազմահարկ շենքերի՝ անվտանգության սարքերով ապահովումը կտեւի մեկ տարի։ Դա ենթադրում է 250–300 հազար բաժանորդի անվտանգություն։ Երկրորդ փուլը՝ 6–8 ամիս, կընդգրկի շենքերի շքամուտքերում, հատկապես հերմետիկ փակվող դռներ եւ պատուհաններ ունեցող, այդպիսի սարքերի տեղադրումը։ Իսկ երրորդ փուլում անվտանգության սարքեր կտեղադրվեն մասնավոր (առանձին) տներում։ Այստեղ եւս մոտ 300 հազար բաժանորդ կա։ Այս փուլը կսկսվի 2009թ. վերջին եւ կավարտվի 2010-ին։ Այսպիսի հերթականությունը պայմանավորված է շենքերում բնակվողների մեծ թվով եւ վթարի դեպքում հետեւանքների անհամեմատ ծանրությամբ։ Մի կարեւոր հանգամանք եւս. վերոնշյալ սարքերը պարտադիր պետք է տեղադրվեն, եւ բնակիչը չի կարող հրաժարվել դրանցից։ Նա նաեւ չի կարող որոշել, թե որտեղ պետք է դրվի։ Տեղադրում են մասնագետները։ Դրանցից հրաժարվելու դեպքում բաժանորդը կզրկվի գազամատակարարումից, քանի որ «շենքի ճակատագիրը չի կարող կախված լինել մեկ բնակչից»,-ասում է Աշոտ Հովսեփյանը։ Նա նշեց նաեւ, որ առաջին հերթին անվտանգության սարքերը կտեղադրվեն հին, ավտոմատ անջատիչ չունեցող գազասարքեր ունեցող բնակարաններում, ինչպես նաեւ այնպիսիներում, որտեղ բնակվում են որոշ ռիսկային խմբերի բնակիչներ։
Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ