Անվտանգության խնդիրներին նվիրված խորհրդակցություն ՀՀ կառավարությունում
ՀՀ կառավարությունում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդակցությունը նվիրված էր բնական գազից օգտվելու անվտանգության խնդիրներին, որոնց հսկողությունը դրված է հիմնականում «ՀայՌուսգազարդ»-ի եւ Արտակարգ իրավիճակների վարչության համապատասխան ծառայության վրա:
Խորհրդակցությունը վարող ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը երկու կառույցների ուշադրությունը հրավիրեց հատկապես այս տարի գազաֆիկացված բնակարանների վրա` հիշեցնելով նախորդ տարիներին գազից օգտվելու կանոնները չպահպանելու պատճառով տեղի ունեցած դժբախտ դեպքերի մասին:Ըստ «ՀայՌուսգազարդ»-ի աշխատանքային պլանի, յուրաքանչյուր բաժանորդի տուն տարեկան նախատեսվում է երկու այց: Ռիսկային խմբերի, այն է` նախկինում խախտում հայտնաբերված կամ միայնակ ծերերից կազմված ընտանիքների հանդեպ հսկողությունը ավելի խիստ է լինելու: Հանրապետությունում գազի համակարգի բաժանորդների թիվը 430 հազարից ավելի է, խիստ մոտեցման դեպքում, ըստ Կ.Կարապետյանի, տասը կետից ութը պետք է անջատեն:
Ընդհանուր առմամբ, ընկերությունը իր տարածքային կառույցների միջոցով տարեկան 1 մլն այց է նախատեսել: Զանգվածային ստուգայցերից զատ անցկացվում են անվտանգություն ապահովող մի շարք այլ միջոցառումներ: Համակարգում հնարավորինս նվազեցված է մարդու գործոնը, ավելի շատ են ավտոմատացված գործողությունները: «1–04» ծառայությունը վերազինվել է լիովին. ձեռք են բերվել 100-ից ավելի միավոր տեխնիկա` համապատասխան սարքավորումներով: Նախատեսվում է ձեռք բերել եւ համակարգում ներդնել հատուկ ազդանշանային սարքեր, որոնք եւ կնպաստեն անվտանգության ապահովմանը: «Ամբողջ աշխարհում գոյություն չունի այնպիսի իդեալական համակարգ, որի դեպքում բաժանորդի գործոնը զրո է», — ասաց «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: —Այսինքն, բաժանորդը միշտ պատասխանատվություն է կրում: Սոցիալ-տնտեսական զարգացման, բաժանորդի կենսամակարդակի բարձրացման եւ մի շարք ծրագրերի դեպքում մենք մարդու գործոնը նվազագույնի հասցնելու հնարավորություն ունենք»:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36