«ՀայՌռուսգազարդ» ՓԲԸ մտադիր է բազմաբնակարան շենքերում տեղադրել ազդանշանային սարքեր
Ներտնային գազասպառման համակարգերի շահագործման անվտանգության մակարդակի բարձրացման եւ պատահարների կանխարգելման նպատակով «ՀայՌուսգազարդը» ձեռնամուխ եղավ մասսայական անվտանգության համակարգի ստեղծմանը՝ գազազգայուն սարքերի ներդրմամբ: Այդ իսկ պատճառով Ընկերությունը հանդես եկավ առաջարկությամբ՝ ՀՀ կառավարության հաստատված «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի «Գազատարի բնակարանի ներանցնող մասում տեղադրվում է վթարային անջատիչ կափույր՝ միացված այրվող գազերի ազդանշանային սարքին» կետի պահանջը կիրառել հանրապետության գազասպառող հանդիսացող բաժանորդների մոտ: Այդ գործընթացն իրականացնելու եւ հանրապետության ամբողջ տարածքում բազմաբնակարան շենքերի գազասպառողներին անվտանգության համակարգերով ապահովելու աշխատանքները սկսելու նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն դիմել է խնդրանքով ՀՀ Քաղաքաշինության նախարարություն՝ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ծրագիրը ընկերության ներդրումային ծրագրում ներառելու մասին:
Տեղեկանք
Ազդանշանիչ սարքերը ծառայում են կենցաղային գազասարքեր տեղադրված սենքերում այրվող գազերի պարունակությունները վերահսկելու համար: Չընդհատվող վերահսկողություն իրականացնելու նպատակով ազդանշման համար սահմանված արժեքները գերազանցելու դեպքում սարքերը տալիս են ձայնային-լուսային ազդանշան եւ հրաման անջատիչ կափույրին դադարեցնելու գազի մատակարարումը գազասարքերին: Հաշվի առնելով անվտանգության համակարգերի ստեղծման համաշխարհային փորձը եւ ծանոթանալով արտասահմանյան ընկերությունների կողմից արտադրված ազդանշանիչ սարքերին ՝«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մշակել է ազդանշանիչ սարքերի եւ անջատիչ փականների հավաքակցման հնարավոր տարբերակներ, ինչպես նաեւ նախանշել անվտանգության համակարգերի ներդրման երեք փուլերը՝ բազմաբնակարան շենքեր, առանձնատներ եւ շքամուտքեր: Ընկերության կողմից մշակվել եւ հաստատման է ներկայացվել «Վարկային միջոցներ ներգրավելու նպատակով ներդրումային առաջարկությունը՝ բազմաբնակարան շենքերում անվտանգության համակարգերի ներդրման մասին»: Մոտենում են ավարտին փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքները՝ ազդանշանիչ սարքերի եւ անջատիչ փականների մատակարարման մրցույթ անցկացնելու նպատակով:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն