2008 թ. տեմպերը պետք է ավելի բարձր լինեն, ծրագրերը` ավելի առաջադեմ

Հունվարի 7-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում կայացած կարգավարական խորհրդակցության ընթացքում Ընկերության Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը համակարգում ընդգրկված բոլոր կառույցներին հանձնարարեց ամփոփել և հաշվետվություններ պատրաստել 2007 թ. աշխատանքների վերաբերյալ, միաժամանակ նախապատրաստելով նաև 2008 թվականի աշխատանքային ծրագրերը:

Կարեն Կարապետյանը հանգամանորեն ներկայացրեց Ընկերության կողմից 2008 թվականին նախատեսվող ծրագրերն ու առաջնահերթ անելիքները: Ըստ Գլխավոր տնօրենի, 2007 թվականին իրականացրած ծրագրերն ու արձանագրած ֆինանսատնտեսական ցուցանիշները պարտավորեցնում են, որպեսզի 2008 թ. տեմպերն ավելի բարձր լինեն, իսկ ծրագրերը` ավելի առաջադեմ:

Ընկերությունը կարողացել է ապահովել գործունեության պատշաճ մակարդակ, և դրան համեմատական փոփոխվել է հանրային պահանջարկի որակը: Հետևաբար իրականացվող բոլոր ծրագրերը պետք է նպաստեն Ընկերության կողմից մատուցվող ծառայության որակի բարձրացմանը և նպատակաուղղված լինեն սպառողների անվտանգության խնդիրների ապահովմանը:

Ըստ Կ. Կարապետյանի, այս ոլորտում իրականացվող աշխատանքներն ու ներդրումները լուրջ նախադրյալներ են ստեղծում, որպեսզի Հայաստանի գազասպառման համակարգը անվտանգության տեսանկյունից օրինակելիներից մեկը լինի աշխարհում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am