«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008–2010թթ. ներդրումային ծրագիրը արժանացավ ՀԾԿՀ-ի հավանությանը

7 մարտի 2008, 00:00

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մարտի 7-ի նիստում քննարկեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008–2010 թվականների ներդրումային ծրագիրը: Ծավալագումարային առումով ծրագիրը կազմում է 45 188,5 մլն դրամ հետևյալ ուղղություններով` 1. գազափոխադրման համակարգի ընդլայնում` 20 030,0 մլն դրամ, 2. գազափոխադրման համակարգում Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերակառուցում և ընդլայնում` 2 662,7 մլն դրամ, 3. գազափոխադրման համակարգի վերակառուցում` 1 859,4 մլն դրամ, 4. գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ` 668,9 մլն դրամ, 5. գազաբաշխման համակարգի ընդլայնում` 3 447, 0 մլն դրամ, 6. գազաբաշխման համակարգի վերակառուցում` 6 109,4 մլն դրամ, 7. գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ` 10 411,1 մլն դրամ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի գնահատմամբ, ներդրումային ծրագրի առաջնահերթ և հիմնական ուղղություններից մեկը գազամատակարարման համակարգի հուսալիության ու անվտանգության մակարդակի բարձրացումն է, որակյալ գազամատակարարման ապահովումը, ինչպես նաև բնակիչ-բաժանորդների անվտանգության խնդիրների ապահովումը` ազդանշանային սարքերի ներդրման միջոցով: «Ազդանշանային համակարգերի ներդրումը ես համարում եմ հեղափոխություն գազամատակարարման ոլորտում, և պետք է ասեմ, որ մեր ռուս գործընկերները նույնպես հետաքրքրված են այս ծրագրով, քանի որ այնտեղ էլ վերջերս հաճախացել են պատահարները, և ամենայն հավանականությամբ, այս մոդելը կկիրառեն նաև իրենց մոտ», — նշեց Կ. Կարապետյանը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիտարկմամբ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը նախորդ ծրագրերում ներառված ուղղությունների շարունակականությունն է, բացառությամբ բազմաբնակարան շենքերի ներտնային գազասպառման համակարգերում ազդանշանային սարքերի և վթարային անջատիչ կափույրների տեղադրման ուղղության, որի համար նախատեսվում է ներդնել 7,3 մլրդ դրամ:


«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյանի խոսքով, ներկայացված ծրագիրը յուրահատուկ է նաև նրանով, որ հաշվի են առնված ձմռան շրջանում համակարգի առաջ ծառացած գրեթե բոլոր խնդիրները: Այդ թվում բնականոն գազամատակարարում և գազաբաշխման ցանցում համապատասխան ճնշում ապահովելու նպատակով մայրաքաղաքի հարավային հատվածում կկառուցվի նոր գազաբաշխիչ կայան` բարձր և միջին ճնշման գազատարներով,որը թույլ կտա ամբողջովին լուծել Երևան քաղաքի գազի ճնշումների բաշխման խնդիրը:


Ծավալված լայն քննարկման արդյունքում, որին մասնակցում էին նաև հասարակական կազմակերպությունները, ՀԾԿՀ հավանություն տվեց և որոշում ընդունեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008–2010 թթ. ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am