Քաջարան-Արարատ գազատարում հավաքակցված է 106,4 կմ խողովակաշար

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը մասնագետների ուղեկցությամբ հերթական աշխատանքային այցը կատարեց Քաջարան- Արարատ հատվածում կառուցվող գազատարի շինարարության հրապարակ՝ աշխատանքների կատարման ընթացքին ծանոթանալու նպատակով: Քաջարան-Սիսիան- Անգեղակոթ-Ջերմուկ-Արարատ 197,4 կմ երկարությամբ 720 մմ տրամագծով նոր կառուցվող գազատարի շինարարության աշխատանքներում ներգրավված են 8 կապալառու կազմակերպություններ, 600 շինարար, 100 միավոր մասնագիտական մեխանիզմներ:

Քաջարան-Արարատ գազատար

Քաջարան-Արարատ գազատար

Շինարարությունը, որը մեկնարկել է 2006թ. հոկտեմբերին, ընթանում է սահմանված ժամանակացույցի համաձայն:

Մայիսի 1-ի դրությամբ հավաքակցված է 106,4 կմ խողովակաշար, որից 40,5 կմ` ընթացիկ տարում: Կառուցված են մոտ 180 կմ հարթակներ, 120 կմ խրամուղիներ:


Կառույցն ամբողջությամբ համալրված է 720 մմ տրամագծով պողպատյա խողովակներով. Հայաստան է առաքվել 191833 գ/մ կամ 27714 տոննա խողովակ՝ 1368 վագոն: Ներկայումս ներկրվում են տեխնոլոգիական սարքավորումները:

Գազատարի հավաքակցման աշխատանքները նախատեսվում է ավարտել նոյեմբերին:

Միաժամանակ, գազատարի ամբողջ երկայնքով նախատեսվում է անցկացնել օպտիկամալուխային կապի գիծ, որը հնարավորություն կտա հուսալի կապով ապահովել գազափոխադրման բոլոր կառույցները։


Հիշեցնենք, որ Մեղրի —Քաջարան 40 կմ երկարությամբ գազատարի, ինչպես նաև 197,4 կմ երկարությամբ Քաջարան-Սիսիան- Անգեղակոթ-Ջերմուկ-Արարատ նոր գազատարի կառուցումը հնարավորություն կտա բարձրացնել հանրապետության գազափոխադրման համակարգի թողունակությունը և ապահովել իրանական գազի պայմանագրային ծավալների տեղափոխումը մինչև ջերմային էլեկտրակայաններ:



Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am