Հայաստանի գազի տնտեսություն. ավելի քան 50 տարվա պատմություն

Ետխորհրդային տարածքում սեպտեմբերի առաջին կիրակի օրը ավանդույթի համաձայն նշվում է որպես գազի համակարգի աշխատողների մասնագիտական տոն: Հայաստանի գազի տնտեսությունը ներկայացնող «ՀայՌուսգազարդ» Ընկերությունում պատասխանատվությամբ, սիրով ու հպարտութամբ են վերաբերում մասնագիտական տոնին, քանի որ ավանդույթն արդեն դարձել է կորպորատիվ մշակույթ, աշխատանքն ու մասնագիտությունը վերագնահատելու առիթ, հաջողություններն արժեվորելու և նոր ծրագրեր ձեռնարկելու մեկնակետ:

«ՀայՌուսգազարդ»-ի համակարգում աշխատում է 7000 մարդ: Ավելի քան 50-ամյա պատմություն ունեցող գազի տնտեսությունն այսօր կայացած համակարգ է, որտեղ իրենց անփոխարինելի ավանդն ունեն աշխատանքային վետերանները:

Ասյա Հարությունյան, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ առաջատար ճարտարագետ
— 1969 թվականին Թուրքմենստանից տեղափոխվեցի Հայաստան և սկսեցի աշխատել գազի համակարգում` որպես ճարտարագետ: Տարիների ընթացքում շատ պաշտոններ եմ զբաղեցրել` փորձելով օգտակար լինել և իմ ուժերին ներածին չափով նպաստել Հայաստանի գազի ոլորտի զարգացմանը: Աշխատանքի վետերան եմ, ունեմ էներգետիկայի նախարարության բազմաթիվ պատվոգրեր:
Ես, հավանաբար, այն եզակի կանանցից եմ, որոնք ընտրել են այս մասնագիտությունը: Այժմ, երբ վերհիշում եմ իմ աշխատանքային օրերի քրոնիկան, Հայաստանի գազի ոլորտում իմ գործունեությունը, հպարտությամբ կարող եմ ասել, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել և անսահման սիրել եմ այն: Իսկ ամենագլխավորն այն է, որ հետք եմ թողել՝ հրատարակելով «Հայաստանի գազի ոլորտի զարգացման պատմությունը» գիրքը:
Այժմ աշխատում եմ երիտասարդների հետ, որոնք մեր գործը շարունակողներն են, մեծ ներուժ ունեն: Վստահ եմ, որ նրանք կլինեն մեր՝ աշխատանքի վետերաններիս, արժանի հետևորդները:

Ռոլանդ Ադոնց, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի խորհրդական
— Իմ աշխատանքային գործունեության սկիզբը համընկել է Հայաստանի գազամատակարարման մեկնարկի հետ: 60-ական թվականներից սկսած անընդմեջ աշխատում եմ այս բնագավառում: Աշխատանքային գործունեության ընթացքում Հայաստանում խորհրդային տարիներին ստեղծեցի գազի կարգավարական վարչությունը, նաև գազի կենցաղային տեսչությունը:
Ինձ համար ամենահիշվող և միաժամանակ ամենածանր տարիները եղել են 1990-ականները, քանի որ այդ ժամանակ սկսվել էր Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի կառուցումը, իսկ շինարարության մեկնարկից որոշ ժամանակ անց տարածաշրջանում սկիզբ առան հակամարտությունները: Փաստորեն լարված իրադրության և պատերազմական պայմաններում մեզ հաջողվեց ավարտել գազատարի կառուցումը:
Դրանով Հայաստանը ձերք բերեց, ինչու չէ, հուսալի երկրի համբավ, որը նույնիսկ պատերազմական պայմաններում կարող է ապահովել գազի տարանցումը: Այդ համբավը մենք այսօր էլ ունենք:
Այսքան տարի գազի համակարգում աշխատելուց հետո մեկ բառով կարող եմ ասել` այս աշխատանքը իմ կյանքն է :

Գևորգ Գալստյան, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Արտահանման ներմուծման գործառույթների վարչության գլխավոր մասնագետ
—Շատ երիտասարդ էի, երբ ականատեսը եղա խորհրդանշական մի իրադարձության: 1960 թվականի նոյեմբերն էր, և նշվում էր բնական գազի առաջին մուտքը Հայաստան: Աբովյան փողոցով անցկացրել էին գազատար դեպի Երևանի գլխավոր հրապարակ, որի կենտրոնում հանդիսավոր պայմաններում հազարավոր մարդկանց ներկայությամբ վառվեց այդ մեծ ջահը: Եվ այդ տպավորությունը որոշիչ դարձավ իմ մասնագիտական ընտրության հարցում:
Գազի համակարգում աշխատում եմ 1962 թվականից և կարելի է ասել, որ ես անցել եմ աշխատանքի բոլոր փուլերը՝ շրջիկ-փականագործից մինչև շահագործման գրասենյակում բաժնի վարիչ, գլխավոր ճարտարագետ, այնպես որ շատ լավ ծանոթ եմ գազի տնտեսությանը, բնագավարում աշխատանքի առանձնահատկություններին, բարդություններին:
Հետադարձ հայացք գցելով այս համակարգում իմ անցած ուղուն՝ կարող եմ ասել, որ իմ աշխատանքը դարձավ իմ կենսագրության անբաժան մասը:

Ֆելիքս Կարապետյան, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տեխնիկական վարչության գլխավոր մասնագետ
— Գազի համակարգում աշխատում եմ 90-ական թվականներից: Պետք է ասեմ, որ սկսել եմ աշխատել գազի համակարգում բավականին բարդ շրջանում, քանի որ այդ ժամանակ անհրաժեշտ էր վերականգնել գազմատակարարումը և լուծել դրա հետ կապված բազմաթիվ խնդիրներ, այսինքն՝ ոտքի կանգնեցնել ամբողջ գազային տնտեսությունը: Ես մասնակցել եմ այդ գործընթացի գրեթե բոլոր աշխատանքներին: Իսկ վերջին շրջանում նաև աշխատել եմ նոր տեխնոլոգիաների հետ` պոլիէթիլենային խողովակների կիրառում, բնակարաններում անվտանգության համակարգերի տեղադրում և այլն: Մասնագիտական և ուսումնական մի շարք ձեռնարկների համահեղինակ եմ:
Մինչև գազի համակարգ տեղափոխվելն աշխատել եմ մի շարք այլ ոլորտներում և այսօր զուգահեռներ անցկացնելով, համեմատելով կարող եմ ասել, որ ինձ համար գազի համակարգում աշխատելը մեծ պատիվ է, հպարտ եմ որ փոքր լումա եմ ներդրել իմ աշխատանքով: Նաև ուրախ եմ, որ իմ փորձով կարող եմ կիսվել երիտասարդ մասնագետների հետ, աջակցել նրանց մասնագիտական խորհուրդներով: Իսկ «ՀայՌուսգազարդ»-ում կան շատ լավ երիտասարդ կադրեր, որոնք ունեն կատարելագործվելու մեծ ձգտում:

Հակոբ Ղազանչյան, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
— Համակարգում եմ ավելի քան 40 տարի, տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել, մինչև այսօր աշխատում եմ տեսչական բնագավառում: Կարող եմ ասել, որ սա գազի համակարգի ամենակարևոր ոլորտներից է, քանի որ մեր աշխատանքն առնչվում է գազամատակարարման անվտանգության ապահովման հետ:
Աշխատանքն ինձ համար շատ բարձր պատասխանատվություն է, քանի որ պահանջում է բանիմացություն, բարեխղճություն: Մեկ բառով ասած՝ մենք մեր ոլորտում սխալվելու իրավունք չունենք, քանի որ գործ ունենք մարդկանց անվտանգության հետ:
Ինձ համար շատ կարևոր է մեր աշխատանքի արդյունքը, երբ տեսնում ես, որ այդ ջանքերի շնորհիվ տարեցտարի նվազում են վթարները, դա արդեն հաջողություն է:
Գիտեք, ինձ համար բավականություն է այն, որ երբ աշխատանքից վերադառնում ես տուն, ամփոփում ես, թե ինչ ես արել այսօր, ու տեսնում ես, որ թեկուզ փոքր, բայց օգուտ ես տվել քո աշխատանքով:

Վլադիմիր Մարգարյան, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի խորհրդական
— Գազի համակարգում աշխատում եմ 14 տարի: Եվ պետք է ասեմ, որ իմ աշխատանքային գործունեության կարևորագույն փուլը Իրան-Հայաստան գազատարի կառուցման նախագծի իրականացումն է եղել, որն իսկապես մեծ նշանակություն ունի Հայաստանի համար: Բացի այդ, անցած դարի 60-ական թվականներից մեր երկրում գազի տնտեսության մեջ նման լայնածավալ աշխատանքներ չէին իրականացվել: Նախագիծը կյանքի կոչելու համար պահանջվում էր լուրջ նախապատրաստական աշխատանք, թե կադրերի տեսակետից, թե անհրաժեշտ շինտեխնիկայի առումով:
Հպարտ եմ, որ մեզ հաջողվեց նման շինարարության համար բավականին կարճ ժամկետում կառուցել գազատարը, և այն այսօր ծառայում է իր նպատակին: Չեմ կարող չնշել այն, որ աշխատանքները կատարվում էր բնակլիմայական բարդ պայմաններում, մեծ բարձրության վրա: Միայն այն փաստը, որ խողովակաշարի մի հատվածն անցնում է ծովի մակերեսից 3000 մետր բարձրության վրա, խոսում է այն դժվարությունների մասին, որոնց դեմ բառացիորեն պայքարել են մեր մասնագետները: Դա ինձ համար մեծ հպարտություն է, հպարտություն է նաև այն, որ նշված 3000 մետրը ռեկորդային ցուցանիշ է, նման բարձրություն, գազատար կառուցելիս, դեռ ոչ ոք չի հաղթահարել:

Մարատ Հովհաննիսյան, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի տնօրենի խորհրդական
— Գազի ոլորտի հետ իմ առնչությունը բավականին ուշագրավ սկզիբ է ունեցել, քանի որ դպրոցն ավարտելուց հետո ստացել եմ բարձրագույն ռազմական կրթություն և սկսել եմ ծառայել Հյուսիսային ռազմական նավատորմում՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում: Այնպես ստացվեց, որ մեզ առաջարկեցին երկրորդ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ցանկացած բուհում: Հաշվի առնելով, որ Խորհրդային Միությունում գազարդյունաբերությունը նոր էր սկսել զարգանալ, որոշեցի ընդունվել Մոսկվայի Գուբկինի անվան գազարդյունաբերության և նավթաքիմիական ինստիտուտ: Ուսումն ավարտելուց հետո՝ 1962 թվականին վերադարձա Հայաստան և այդ ժամանակվանից որոշակի ընդմիջումներով աշխատում եմ գազի համակարգում:
Սկսել եմ աշխատել որպես վարպետ, հետո ճարտարագետ, գլխավոր ճարտարագետ, գլխավորել եմ Երևանի գազի վարչությունը ու այդ պաշտոնում աշխատել եմ 18 տարի: Ի դեպ, միշտ կատակով ասում եմ, որ դա յուրատեսակ ռեկորդ է մեր համակարգում:
Երկար տարիներ այս ոլորտում աշխատելուց հետո, կարող եմ ասել, որ այս աշխատանքն ինձ համար ամեն ինչ է: Մարդու համար, երևի, ամենակարևորը ընտանիքն է, բայց ես նաև գազի համակարգն եմ համարել իմ ընտանիքը, նույնիսկ եղել են պահեր, երբ ընտանեկան ավանդական միջոցառումները երկրորդ պլան են մղվել, քանի որ դա պահանջել է աշխատանքը, հատկապես երբ վթարներ էին տեղի ունենում, կամ ինչ-որ խնդիրներ էին ծագում: Նման պահերին առաջնահերթը եղել է այդ հարցերի կարգավորումը:
Ջոն Շահնազարյան, Տեխնիկական վարչության տեխնիկական բաժնի պետ — «ՀայՌուսգազարդ»-ում աշխատում եմ ընկերության ստեղծման օրվանից՝ 1997 թվականից: Մինչ այդ դասավանդել եմ բուհում և հատկանշական է, որ գազի համակարգ տեղափոխվելուց առաջ, ես չէի պատկերացնում, թե այստեղ ինձ ինչ բարդ և լուրջ աշխատանք է սպասում: Արդեն «Հայռուսգազարդ»-ում ես տեսա, թե սա ինչ հսկա մեխանիզմ է, որի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ է լուծել բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում է և տեսական գիտելիքներ, և պրակտիկ մոտեցումներ:
Բայց չնայած դժվարություններին, մեզ հաջողվեց Հայաստանի համար շատ կարևոր հարցեր լուծել, մասնավորապես, իրականացրեցինք համատարած գազաֆիկացում, ստեղծեցինք համատարած հաշվառման համակարգ: Ընդ որում, նման բան շատ քիչ երկրներում կա:
Իմ կարծիքով, մեր հաջողությունների գլխավոր գրավականը միշտ եղել է «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակիցների ոչ միայն պրոֆեսիոնալիզմը, այլ նաև սրտացավությունը աշխատանքի հանդեպ: Մեզ մոտ չկա անտարբերություն: Իսկ աշխատանքում սա շատ կարևոր առանձնահատկություն է:

Լաերտ Մանուկյան, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երևանի ԳԳՄ վթարային ծառայության պետ
— Գազի վթարային ծառայությունում աշխատում եմ 1990-ական թվականների սկզբից, սկսել եմ որպես ծառայության պետի տեղակալ, այնուհետև նշանակվել եմ ծառայության պետ և միչև այսօր աշխատում եմ այդ պաշտոնում: Կարող եմ ասել, որ վթարային ծառայությունը գազի համակարգի կարևորագույն կառույցներից է, քանի որ մեր աշխատանքից է կախված գազի արտահոսքերի, վթարների հետևանքների վերացումը, ինչը պահանջում է օպերատիվություն, ամենօրյա, ամենժամյա աշխատանք: Մեր համակարգում բոլորն են քաջատեղյակ, որ ես աշխատանքի եմ գնում նաև հանգստյան օրերին, քանի որ ինձ համար առաջնահերթ է պատասխանատվությունը մեր բաժանորդների առջև: Գազի ոլորտը, մասնավորապես, վթարային ծառայությունը, ինչպես ասում են, իմ տեղն է, այլ բան ես չեմ պատկերացնում:

Սերգեյ Գյուրջինյան, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երևանի ԳԳՄ տեխնիկական բաժնի ճարտարագետ
— 2013 թվականն ինձ համար հոբելյանական է, քանի որ այս տարի լրանում է գազի ոլորտում իմ աշխատանքի 55-ամյակը: Իրադարձությունների բերումով դեռ խորհրդային տարիներին սովորել և ավարտել եմ Բաքվի նավթի և գազի ինստիտուտը: 1950-ական թվականների վերջին ինձ որպես մասնագետի հրավիրեցին Հայաստան, որտեղ նոր էր սկսվել գազի տնտեսության զարգացումը: Անցել եմ աշխատանքային երկար ճանապարհ՝ Երևանի հեղուկ գազի գրասենյակի գլխավոր ինժեներից մինչև գազի պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ: Զուգահեռաբար զբաղվել եմ նաև գազի համակարգի համար կադրերի նախապատրաստմամբ ուսումնական կենտրոնում:
Ինչ կարող եմ ասել աշխատանքիս մասին. 55 տարին դա մի ամբողջ կյանք է: Թող անհամեստ չհնչի, բայց ես մի ամբողջ կայնք նվիրել եմ գազի համակարգին: Գործունեությանս ընթացքում ղեկավարվել եմ մեկ կարևոր սկզբունքով՝ գիտելիքներս, փորձս փոխանցել երիտասարդներին, որոնք առաջին անգամ եմ մուտք գործում այս համակարգը:
Մի ուշագրավ և խորհրդանշական փաստ էլ նշեմ: Իմ ծննդյան օրը հաճախ համընկել է գազի ոլորտի աշխատակիցներիմասնագիտական տոնի հետ, այնպես որ գործընկերներիս հետ բազմաթիվ անգամներ նշել ենք և ծննդյանս տոնը և «գազավիկի» օրը: Դա, կարծում եմ, ինչ-որ խորհուրդ ունի:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am