Գրքի տոնի կապակցությամբ 4500 կտոր գիրք է նվիրվել Գյումրիի Հովհ. Թումանյանի անվան մանկական գրադարանին

Փետրվարի 19-ը` հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:

Գրքի տոնին ընդառաջ «Գազպրոմ Արմենիա»-ի վարչական ապարատը նախաձեռնել է «Յուրաքանչյուրս՝ մեկ գիրք» ակցիան՝ աշխատակիցների կողմից հավաքված գրքերը Գյումրիի Հովհ. Թումանյանի անվան մանկական գրադարանին նվիրելու համար:



Նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ է ընդունվել աշխատակիցների կողմից և շատ կարճ ժամանակահատվածում հավաքվել է մի ամբողջ գրադարան՝ մոտ 4500 կտոր գիրք, ինչպես նոր ձեռք բերված, այնպես էլ հին հրատարակություններ: Չնայած ակցիան հայտարարված էր «Յուրաքանչյուրս՝ մեկ գիրք», բայց աշխատակիցների կողմից տրամադրվել են մեկից ավելի գրքեր, այդ թվում մանկական գրականություն, դասական արժեքավոր հրատարակություններ, բառարաններ և այլն: Իսկ աշխատակիցներից մեկը իր անձնական գրադարանից հատկացրել է ավելի քան 300 գիրք:

Կարապետ Թոմիկյան, Ֆինասական բաժնի պետի տեղակալ

Ընդհանրապես գիրքը մնում է գիտելիքի ձևավորման և մարդկային զարգացման հիմնական կարևորագույն և անփոխարինելի մեխանիզմը, և գիրքը պետք է դառնա այն վարակիչ ատրիբուտը, ինչպիսիք են տեխնոլոգիայի զարգացման մյուս արդյունքները՝ սմարթֆոնները, համակարգիչները: Այդ գործում շատ կարևոր է կազմակերպությունների և անհատների դերը: «Յուրաքանչյուրս՝ մեկ գիրք» ակցիան պետք է վերածվի «Յուրաքանչյուրս՝ հնարավոր շատ գիրք» ակցիաների: Շատ եմ ոգևորված այս ակցիայով և հպարտ եմ, որ «Գազպրոմ Արմենիա» շարունակում է մնալ գրքի ու գիտելիքի կողքին:

Անուշ Աթայան, Զարգացման ներդրումային ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ

Բարեգործական այս նախաձեռնությունը իրոք լավ գաղափար է: Մենք բոլորս ակտիվորեն մասնակցեցինք այս հրաշալի ակցիային, շատ մեծ քանակությամբ գրականություն է հավաքվել, որը մենք սիրով կփոխանցենք Գյումրի քաղաքի Հովհ. Թումանյանի անվան մանկական գրադարան: Գտնում եմ, որ նման միջոցառումները երեխաների մոտ, գրքի և ընթերցանության սեր կարթնացնեն: Եվ ինչպես Հովհ. Թումանյանի հեքիաթներում, թող բոլորիս կյանքում միայն բարին հաղթի:

Սարգսյան Նարինե, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահի տեղակալ

Համակարգչային այս ժամանակներում թեևս գիրք քիչ են կարդում: Բայց գիրքը միշտ իր խորհուրդն ունեցել բոլորիս կյանքում և ես մեծ հաճույքով եմ այսօր գիրք նվիրում, ինչը վերականգնում է անցյալի գեղեցիկ ավանդույթները:

Այսօր գիրք նվիրելու օրվա կապակցությամբ հավաքված գրադարանը «Գազպրոմ Արմենիա»—ի աշխատակիցները նվիրեցին Գյուրիի Հովհ. Թումանյանի անվան գրադարանին:


Կարևորելով ակցիայի նշանակությունը՝ գրադարանի վարիչ Սիրանուշ Գալստյանը նշեց, որ գրադարանը իրոք ունի գրքերի կարիք, իսկ գրադարան են այցելում ավելի քան 800 ընթերցող: «Ես շնորհալություն եմ հայտնում Գազպրոմ Արմենիա“-ի տնօրինությանը և աշխատակիցներին նման մարդասիրական վերաբերմունքի համար», — ասաց նա:

Նախաձեռնությանը միացել են նաև «Երևանգազը», Արմավիրի ու Մարտունու մասնաճյուղերը:

«Ի ուրախություն բոլորիս, գիրք նվիրելու մշակույթը աստիճանաբար վերադառնում է կյանք և նորովի արժեվորում գրքի ու գրականության դերը, մարդկանց գիտակցության մեջ վերափոխում վերաբերմունքը դեպի գիրքը: Նախաձեռնություն, որ այսօր մենք համարում են կայացած, կլինի շարունակական, որին հաջորդ տարի պատրաստակամություն են հայտնել միանալու նաև „Գազպրոմ Արմենիա“-ի մյուս մասնաճյուղերն ու դուստր ընկերությունները», — նշել է հասարակայնության և ԶԼՄ-երի հետ կապերի ծառայության պետ Շ. Սարդարյանը:



Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am