Հ.Թադևոսյան. «Համակարգված աշխատանքի արդյունքում արձանագրվել են արտադրատնտեսական դրական ցուցանիշներ, ինչը հիմք է տալիս նախանշել առաջիկա 5 տարիների գործունեության հիմնական ուղենիշները»
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի նախագահությամբ, որին մասնակցել են Ընկերության դուստր ընկերությունների, գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի, «Հրազդան-5» և «Ուսումնասպորտային համալիր» հիմնարկների տնօրենները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Ամփոփելով 2020 թվականի 11 ամիսների գործունեության արդյունքները, Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հ. Թադևոսյանը նշեց, որ չնայած տարին աննախադեպ բարդ էր, այդուամենայնիվ ընկերությանը հաջողվել է հաղթահարել դժվարությունները և լուծել բոլոր այն խնդիրները, որ դրված էին ընկերության առջև 2020թ. ծրագրերով:
Համակարգված աշխատանքի արդյունքում արձանագրվել են արտադրատնտեսական դրական ցուցանիշներ, ինչը հիմք է տալիս նախանշել առաջիկա 5 տարիների գործունեության հիմնական ուղենիշները:
Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը կարևորեց գազափոխադրման համակարգում գազի կորուստների նվազեցման ուղղությամբ կատարված համալիր միջոցառումները, նշելով որ 27 մլն խ.մ կորուստները նվազել են գազափոխադրման համակարգում, 4 մլն խ.մ՝ բաշխման համակարգում:
Հ. Թադևոսյանը նշեց նաև, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում դեկտեմբերի 23-ին համաձայնություն ստացավ Ընկերության 2021–2025 թթ. ներդրումային ծրագիրը, ինչը մեծածավալ աշխատանքներ է նախատեսում գազի տնտեսության մեջ: Այդ թվում Հայաստանի Հանրապետության գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր սխեմայի շրջանակներում 2021–2030թթ. նախատեսվում է 500 մլն դոլարի ներդրում:
Տնօրենը հատուկ ուշադրություն հրավիրեց համակարգի արդիականացման, ինչպես նաև ծառայությունների մատուցման ու սպասարկման որակը բարձրացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ ընդգծելով, որ բաժանորդների հետ ունեցած հետադարձ կապի ապահովման արդյունքում նկատելի է վստահությունը ընկերության հանդեպ, ինչը պետք է կապիտալիզացնել և նոր որակի հարաբերություններ կառուցել բաժանորդ-մատակարար շղթայում:
Անդրադարձ կատարվեց նաև 2020–2021 թվականի աշուն-ձմեռ ժամանակաշրջանում գազամատակարարման համակարգի օբյեկտների շահագործման նախապատրաստմանը, միջոցառումների պլանին և կատարված աշխատանքներին:
Խորհրդակցության ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ տեղեկություններ են ներկայացրել տեխնիկական, ֆինանսական, կապիտալ շինարարության և կոմերցիայի գծով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալները:
Համառոտ հաշվետվություն ներկայացվեց նաև «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի գործունեության մասով:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 884 ԿԲ)