Հ.Թադևոսյան. «Համակարգված աշխատանքի արդյունքում արձանագրվել են  արտադրատնտեսական դրական ցուցանիշներ, ինչը հիմք է տալիս նախանշել առաջիկա 5 տարիների գործունեության հիմնական ուղենիշները»

28 դեկտեմբերի 2020, 12:30

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի նախագահությամբ, որին մասնակցել են Ընկերության դուստր ընկերությունների, գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի, «Հրազդան-5» և «Ուսումնասպորտային համալիր» հիմնարկների տնօրենները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Ամփոփելով 2020 թվականի 11 ամիսների գործունեության արդյունքները, Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հ. Թադևոսյանը նշեց, որ չնայած տարին աննախադեպ բարդ էր, այդուամենայնիվ ընկերությանը հաջողվել է հաղթահարել դժվարությունները և լուծել բոլոր այն խնդիրները, որ դրված էին ընկերության առջև 2020թ. ծրագրերով:

Համակարգված աշխատանքի արդյունքում արձանագրվել են արտադրատնտեսական դրական ցուցանիշներ, ինչը հիմք է տալիս նախանշել առաջիկա 5 տարիների գործունեության հիմնական ուղենիշները:

Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը կարևորեց գազափոխադրման համակարգում գազի կորուստների նվազեցման ուղղությամբ կատարված համալիր միջոցառումները, նշելով որ 27 մլն խ.մ կորուստները նվազել են գազափոխադրման համակարգում, 4 մլն խ.մ՝ բաշխման համակարգում:

Հ. Թադևոսյանը նշեց նաև, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում դեկտեմբերի 23-ին համաձայնություն ստացավ Ընկերության 2021–2025 թթ. ներդրումային ծրագիրը, ինչը մեծածավալ աշխատանքներ է նախատեսում գազի տնտեսության մեջ: Այդ թվում Հայաստանի Հանրապետության գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր սխեմայի շրջանակներում 2021–2030թթ. նախատեսվում է 500 մլն դոլարի ներդրում:

Տնօրենը հատուկ ուշադրություն հրավիրեց համակարգի արդիականացման, ինչպես նաև ծառայությունների մատուցման ու սպասարկման որակը բարձրացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ ընդգծելով, որ բաժանորդների հետ ունեցած հետադարձ կապի ապահովման արդյունքում նկատելի է վստահությունը ընկերության հանդեպ, ինչը պետք է կապիտալիզացնել և նոր որակի հարաբերություններ կառուցել բաժանորդ-մատակարար շղթայում:

Անդրադարձ կատարվեց նաև 2020–2021 թվականի աշուն-ձմեռ ժամանակաշրջանում գազամատակարարման համակարգի օբյեկտների շահագործման նախապատրաստմանը, միջոցառումների պլանին և կատարված աշխատանքներին:

Խորհրդակցության ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ տեղեկություններ են ներկայացրել տեխնիկական, ֆինանսական, կապիտալ շինարարության և կոմերցիայի գծով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալները:

Համառոտ հաշվետվություն ներկայացվեց նաև «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի գործունեության մասով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am