Գազաֆիկացվել է Լոռու մարզի Շնող խոշորացված համայնքը
Շնող խոշորացված համայնքի Քարկոփ, Թեղուտ և Շնող բնակավայերը գազաֆիկացվել են։ Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքի հաղորդմամբ, բնակավայրերը գազաֆիկացված չեն եղել անգամ խորհրդային տարիներին։
Մարտի 4-ին տեղի է ունեցել բնական գազի՝ բնակավայրեր մուտք գործելուն նվիրված հանդիսավոր միջոցառումը, որին ներկա են եղել Լոռու մարզպետը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ ներկայացուցիչները, Շնող խորոշացված համայնքի ղեկավարը։
Մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհավորել է բնակիչներին և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ-ի տնօրինությանը, Շնողխորոշացվածհամայնքիղեկավարին այս չափազանց կարևոր ծրագիրն իրականացնելու համար։
Մարզի ղեկավարն իր խոսքում ընդգծել է ծրագրի ոչ միայն սոցիալական, այլև բնապահպանական կարևորությունը:
«Բնակավայրերի գազաֆիկացումը ոչ միայն հնարավորություն կտա բնակիչներին ավելի քաղաքակիրթ ձևով լուծելու իրենց կենցաղային խնդիրներն, այլև զերծ կպահի տարածաշրջանը անտառահատումներից», — ասել է մարզպետը։
Շնող խոշորացված համայնքի գազաֆիկացման ծրագիրն իրականացվել է սուբվենցիոն միջոցներով՝ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ։ Արդյունքում Թեղուտ և Քարկոփ վարչական շրջանների բոլոր՝ շուրջ 300 և Շնող վարչական շրջանի 45 տնտեսություններ գազաֆիկացման հնարավորություն ունեն: Ծրագրի շահառու է շուրջ 1400 մարդ:
Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքի նյութերով
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն