Մինչև օգոստոսի վերջ «Գազ դե Ֆրանս»-ի մասնագետները կլինեն Հայաստանում
Մինչեւ 2006թ. օգոստոս ամսվա վերջը «Գազ դե Ֆրանս» ֆրանսիական ընկերության մասնագետները կժամանեն Հայաստան Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանի գազահորերի հերմետիկացման պայմանագիրը ստորագրելու համար: Ներկայումս կատարվում է տեխնիկական փաստաթղթերի փոխանակում եւ պայմանագրի նախագծի ուսումնասիրություն: Մինչեւ պայմանագիր կնքելը ֆրանսիացի մասնագետները պետք է ծանոթանան ստորգետնյա հորերի ախտորոշման արդյունքներին եւ համաձայնեցնեն տեխնիկական եւ ֆինանսական հարցերը: Ծրագիրը գործնականում իրականացնելու ժամանակ ֆրանսիացի մասնագետների կողմից կկիրառվի գազահորերի հերմետիկացման նոր տեխնոլոգիա: Աբովյանի գազապահեստ-կայանում կան 19 ստորգետնյա հորեր, որոնցից 6-ը վթարային վիճակում են:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ղեկավար Կարեն Կարապետյանը, «ՀայՌուսգազարդը» ծրագրում է մինչեւ 2006թ. վերջը Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանում գազի պաշարները հասցնել մինչեւ 110 միլիոն խ.մ այժմյան 100 միլիոն խ.մ եւ երկու տարի առաջվա 70 միլիոն խ.մ դիմաց: Այսօր Ընկերությունը ծրագրում է գազապահեստ-կայանի զարգացման համար ներգրավել 5 միլիոն դոլար եւ պահեստավորված գազի ծավալները հասցնել մինչեւ 150 միլիոն խ.մ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն