Գազաֆիկացվեց Երևան քաղաքի Դավիթաշեն համայնքը

10 օգոստոսի 2006, 16:00

Դավիթաշեն համայնքն, ուր դեռեւս 2005թ. օգոստոս ամսից սկսվել էին գազաֆիկացման աշխատանքները, այսօր շնորհավորեց բնական գազի մուտքը:Դավիթաշեն համայնքը, ինչպես նաեւ մայրաքաղաքի մի շարք խոշոր համայնքներ, կառուցման պահից գազաֆիկացված չի եղել: Ջեռուցումն ու տաք ջրամատակարարումն իրականացվել են կենտրոնացված եղանակով, իսկ կերակրի պատրաստումը նախատեսվել էր էլեկտրասալերի օգտագործման միջոցով:

«ՀայՌուսգազարդ» ընկերության ընդհանուր ներդրումները թաղամասի գազաֆիկացման ուղղությամբ կազմել են 412,5 մլն.դրամ, կամ 48 հազար դրամ մեկ բաժանորդի հաշվարկով:
Տեղադրվել է 15740 գծամետր խողովակաշար, որից 2000 գծամետրը` ստորգետնյա, այդ թվում 730 գծամետր պոլիէթիլենային խողովակներ: Հանրապետությունում առաջիններից մեկը թաղամասի գազաֆիկացումն իրականացվել է անմիջապես միջին ճնշման գազատարների միջոցով, ինչը հնարավորություն է ստեղծել հնարավորինս խուսափել մեծ տրամագծի խողովակների եւ գազակարգավորիչ կետերի կառուցումից, ապահովել գազամատակարարման հուսալի ռեժիմներ: Ցանցը կառուցվել է ավելի փոքր տրամագծի խողովակներից` յուրաքանչյուր շենքի կամ շքամուտքի համար անհատական գազակարգավորիչների կիրառումով:

Համայնքում արդեն գազաֆիկացվել է 170 բազմաբնակարան շենք, տեղադրվել է 346 անհատական գազակարգավորիչ: Թաղամասում բնակվող 8610 ընտանիքներ հնարավորություն են ստացել օգտվելու անհամեմատ մատչելի էներգետիկ աղբյուրից, լուծել ջեռուցման, տաք ջրի օգտագործման, կերակրի պատրաստման խնդիրներն ավելի ձեռնտու եղանակով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button