«ՀայՌուսգազարդ» և «Գազ դե Ֆրանս» ընկերություններն ստորագրեցին Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի հորերի հերմետիկացման պայմանագիրը

30 սեպտեմբերի 2006, 00:00

«ՀայՌուսգազարդ» ընկերության Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը եւ «Գազ դե Ֆրանս» ընկերության «Ֆրագազ» դուստր ձեռնարկության վարչության նախագահ Կատրին Մանտելն ստորագրեցին Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի հորերի հերմետիկացման մասին պայմանագիր:

Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի հորերի հերմետիկացման պայմանագրի ստորագրումը

Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի հորերի հերմետիկացման պայմանագրի ստորագրումը

Կնքված փաստաթղթի համաձայն` ֆրանսիական ընկերությունը կհետազոտի եւ կգնահատի պահեստարանի հորերի տեխնիկական վիճակը, որից հետո եթե դրանց վերազինման համար նոր տեխնոլոգիաներ կիրառելու վերաբերյալ ՙԳազ դե Ֆրանս»-ի առաջարկը մրցունակ լինի իր գներով եւ պայմաններով, ընկերությունը կկատարի հորերի ուժեղացման եւ ծավալների մեծացման աշխատանքներ: «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը պայմանագրի ստորագրումը կարեւորեց պահեստարանի վերազինման, դրա հզորությունների եւ հնարավորությունների մեծացման առումով: Նա նշեց, որ վերջին տարիներին գազապահեստ-կայանում կատարված ներդրումները թույլ են տալիս մինչեւ 2006թ. տարեվերջ պահեստավորված գազի ծավալները 70 մլն խ. մ-ից հասցնել 110 մլն խ. մ-ի: «Ֆրագազ» ընկերության վարչության նախագահ Կատրին Մանտելն ընդգծեց, որ կնքված պայմանագիրը երկու ընկերությունների միջեւ գրեթե 10 տարվա համագործակցության ընթացքում առաջին կարեւոր քայլերից է: Նա համոզմունք հայտնեց, որ այս պայմանագիրը կլինի այն մեկնակետը, որը թույլ կտա ավելի լայնածավալ հարաբերություններ կառուցել «ՀայՌուսգազարդ»-ի եւ «Գազ դե Ֆրանս»-ի միջեւ: «Գազ դե Ֆրանս» ընկերության նախագահի խորհրդական Ժակ Դերմենջյանը եւս կարեւորեց այս փաստաթղթի ստորագրումը` ընդգծելով, որ Ֆրանսիան, ինչպես եւ Հայաստանը չունի բնական գազի սեփական պաշարներ, հետեւաբար ներկրման պարագայում խիստ նշանակություն պետք է տալ պահեստավորման հարցին` անխափան գազամատակարարում ապահովելու համար: Նա նշեց, որ «Գազ դե Ֆրանս»-ը այսօր տիրապետում է առաջնակարգ տեխնոլոգիաների գազի պահեստավորման բնագավառում եւ պատրաստ է դրանք ներդնել նաեւ Հայաստանում:

Հորերի հետազոտությունը, նախնական պայմանավորվածությամբ, կկատարվի 6 ամսվա ընթացքում: Ըստ «ՀայՌուսգազարդ»-ի փոխտնօերն Աշոտ Հովսեփյանի` կհետազոտվեն վթարային հորերը: Աշխատանքները հիմնականում կիրականացվեն հորերի հերմետիկացման ուղղությամբ, ինչը թույլ կտա ճնշումը հորերում հասցնել մինչեւ 120 մթնոլորտ: Ներկայումս կան վթարային հորեր, որտեղ ճնշումը հնարավոր չէ պահել 60 մթնոլորտից ավելի: Առկա 19 հորերից 6-ը վթարային վիճակում են, առաջին էտապում նախատեսվում է վերականգնել խիստ անբավարար գնահատված 3 հորերի վիճակը:
Պայմանագրի կնքումից հետո Ժ. Դերմենջյանը «ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրենին փոխանցեց «Գազ դե Ֆրանս» ընկերության «Տերսան» պահեստարանի նկարը եւ այդ պահեստարանից մի կտոր աղաքար` որպես հուշանվերներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am