Հանրապետության գազափոխադրման համակարգի վերակառուցման և ընդլայնման համար 2008 թ. կներդրվի 21.71 մլրդ դրամ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից ընդունված գազափոխադրման համակարգի կառույցների վերակառուցման, տեխնիկական վերազինման, ընդլայնման եւ պլանային ու կանխարգելիչ նորոգման ծրագիրը մինչեւ 2010թ. նախատեսում է մեծածավալ աշխատանքների իրականացում, որի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել գազատարների շահագործման հուսալիության մակարդակը եւ նվազեցնել գազատարի գործող հատվածներում վթարային իրավիճակները:
Հանրապետության գազափոխադրման համակարգի կայուն շահագործման բաղկացուցիչն է գազատարի վթարային հատվածների հիմնանորոգումը: Երկարատեւ շահագործումից մայրուղային գազատարները խիստ հնամաշ են, ընթացքում խողովակների մետաղը եւ սարքավորումները քայքայվում են: Այդ իսկ նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ իրականացնում է շահագործվող գազատարների հետազոտման աշխատանքներ:Մասնավորապես, ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել 250 կմ մայրուղային եւ 400 կմ գազաբաշխիչ գազատարների դիագնոստիկ հետազոտում: Նախատեսվում է նաեւ փոխարինել գազաբաշխիչ գազատարների շուրջ 176 կմ եւ մայրուղային գազատարների 4,5կմ, ինչպես նաեւ կառուցել 1,4 կմ երկարությամբ նոր գազատար, ՀՀ սահմանին տեղադրել մաքրման հանգույց եւ ԳԲԿ-ում իրականացնել նոր տեխնոլոգիական սարքավորումների փոխարինում: Գազափոխադրման համակարգը վերակառուցելու եւ ընդլայնելու, ինչպես նաեւ թողունակությունը բարձրացնելու նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008 թվականին ծրագրում է իրականացնել 21.71 մլրդ դրամ ընդհանուր գումարով ներդրումներ, որից 19,36 մլրդ դրամը (89.1 տոկոս)՝ ընդլայնմանը, 488.1 մլն դրամը կուղղվի գազատարի վթարային հատվածների հիմնանորոգմանը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն