«Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնա-տեխնիկական կենտրոնում կազմակերպվում են հանդիպումներ ուսանողների հետ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնա-տեխնիկական կենտրոնը պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ և քննարկումներ ուսանողների հետ: Նման հանդիպումների նպատակն է՝ բացահայտել լավագույն ուսանողներին, որոնք հետագայում հնարավորություն կունենան համալրել Ընկերության ինժեներա-տեխնիկական անձնակազմը: Ուսումնական հաստատությունների հետ համագործակցության կարևոր բաղադրիչներից է նաև գազի ոլորտի մասնագիտությունների նկատմամբ ուսանողների հետաքրքրության բարձրացումը:

Մասնավորապես, 2021 թվականի նոյեմբերից Ուսումնա-տեխնիկական կենտրոնում մեկնարկել է գործընթաց, որի շրջանակում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մի շարք մասնագիտական ուղղությունների ուսանողների և շրջանավարտների հետ անցկացվել են հանդիպումներ և հարցազրույցներ, որոնց արդյունքում լավագույն 9 ուսանողները անցել են աշխատանքի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համակարգում:

«Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Խաչիկ Թադևոսյանի խոսքով, պրոֆիլային բուհերի ուսանողների, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաների համար կազմակերպվող այս գործընթացը չափազանց կարևոր է կադրային ռեզերվի համալրման տեսանկյունից, ինչպես նաև լավ հնարավորություն է պրոֆիլային բուհերի ուսանողների համար անմիջականորեն ծանոթանալու գազի ոլորտի մասնագիտություններին և տեսնելու իրենց ապագա աշխատանքային գործունեությունը Ընկերության համակարգում:

«Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի տնօրենն ընդգծեց, որ Ուսումնա-տեխնիկական կենտրոնում ստեղծված են բոլոր հնարավորությունները դասընթացները և գործնական պարապմունքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am