Բազմաբնակարան շենքի նկուղային հարկում կուտակված գազի պայթյունի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի վերացման ուսումնավարժանք անցկացվեց այսօր «ՀայՌուսգազարդ» ընկերության նախաձեռնությամբ: Պայմանական պայթյունը տեղի էր ունեցել մայրաքաղաքի Արաբկիր համայնքի Մամիկոնյանց 50 շենքում, ինչի հետեւանքով փլուզվել էին մուտքի ներքնամասը եւ աստիճանավանդակը, իսկ վերին հարկերի բնակիչները հայտնվել էին մեկուսացման մեջ:
Համաձայն սցենարի, շենքը սնող ստորգետնյա խողովակը ճկվել է եւ մեկուսիչ շերտի քայքայման արդյունքում առաջացած կոռոզիոն անցքերից բնական գազը բնահողի միջոցով թափանցել է շենքի նկուղային հարկ: Շենքի 2-րդ մուտքի նկուղային հարկում սառնարանի ռելեի միացման կայծից առաջացել է պայթուն, որն ուղեկցվել է հրդեհով: Բնակիչներից մեկը զանգահարել է գազի վթարային ծառայություն 1–04 հեռախոսահամարով եւ հերթապահ կարգավարին տեղեկացրել է վթարային իրավիճակի մասին:
«Ահազանգից» անմիջապես հետո դեպքի վայր ժամանեցին շտապօգնության, փրկարար ու հրշեջ ծառայությունների մեքենաները, ոստիկանությունը: «ՀայՌուսգազարդի» աշխատակիցներն իսկույն ձեռնամուխ եղան տեղանքի շրջափակմանը, շենքի գազամատակարարման դադարեցմանը: Արագ կազմակերպվեց շենքի բնակչության տարհանումը. տուժածներին տեղափոխեցին անվտանգ գոտի եւ ցուցաբերեցին առաջին բուժօգնությունը: Փրկարար եւ հրշեջ ծառայությունների արդյունավետ աշխատանքի շնորհիվ հաջողվեց կարճ ժամանակահատվածում մարել հրդեհն ու պարանների միջոցով իջեցնել վերեւի հարկում գտնվողներին:
Ինչպես նշեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փոխտնօրեն, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյանը, ուսումնավարժանքն անցկացվեց բարձր մակարդակով, բոլոր օղակները գործեցին օպերատիվ եւ ճշգրիտ: Նրա կարծիքով` նման դեպքերում կարեւորը բնակչության իրազեկված լինելն է համապատախան գործողությունների վերաբերյալ, ավելորդ խուճապը կարող է հանգեցնել ավելի ծանր հետեւանքների:
Ժամանակի առումով փրկարարական աշխատանքների արդյունավետությունը, ըստ Ա. Հովսեփյանի, կախված է շենքի գտնվելու վայրից եւ օրվա այն ժամանակահատվածից, երբ տեղի է ունեցել վթարը: Այսօրվա պայմանական վթարի դեպքում բոլոր կողմերն իրենց աշխատանքներն ավարտեցին 20–25 րոպեում: Ըստ Ա. Հովսեփյանի` փրկարարների եւ «ՀայՌուսգազարդի» աշխատանքները մեծապես դանդաղեցնում են բնակիչների կողմից ստեղծված խոչընդոտները, մասնավորապես` ավտոտնակները, ինքնակառույց պատշգամբները եւ այլն:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն